ՄԱԿ-ը պաշտոնապես հաստատել է ավելի վաղ ԶԼՄ-ների հրապարակած տեղեկությունները, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երեքշաբթի այցով մեկնում է Իսրայել և Պաղեստին մերձավորարևելյան հակամարտության հերթական սրման ֆոնին: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում:
«Գլխավոր քարտուղարը բազմիցս հայտնել է իր ապրումներն ու խոր մտահոգությունը Իսրայելում և Պաղեստինում աճող բռնության կապակցությամբ: Լարվածության թուլացմանն օգնել փորձելով՝ նա այսօր (հոկտեմբերի 20-ին) մեկնում է տարածաշրջան՝ հանդիպելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ»,- ասվում է փաստաթղթում:
Սպասվում է, որ Պան Գի Մունը կհանդիպի նաև վերջին ռազմական գործողություններից և ահաբեկչական հարձակումներից պաղեստինցի և իսրայելցի տուժածների հետ:
Ամսվա սկզբից Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի տարբեր շրջաններում ամեն օր բախումներ են տեղի ունենում տեղի բնակչության և իսրայելցի ոստիկանների ու զինվորականների միջև: