ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կառավարության վաղվա նիստում հավանություն տալ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման 1994թ. ապրիլի 15- ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու Արձանագրության նախագծին:
Դրանով որոշ արտոնությունների տրամադրումը կհամապատասխանեցվի ազգային օրենսդրությանը: Նախագծով Համաձայնագրի 1- ին հավելվածի 1- ին կետը լրացվել է նոր` 1.6 ենթակետով, որի համաձայն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին են հավասարեցվում նաև ՈՒկրաինական ԽՍՀ- ի, Բելոռուսական ԽՍՀ- ի, Լիտվական ԽՍՀ- ի, Լատվիական ԽՍՀ- ի, Էստոնական ԽՍՀ- ի տարածքներում 1944թ. հունվարի 1- ից մինչև 1951թ. դեկտեմբերի 31- ն ընկած ժամանակահատվածում անօրինական կազմավորումների և խմբերի /բանդիտիզմ/ վերացմանն ուղղված մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած անձինք:
Միաժամանակ նախագծով Համաձայնագրի 1- ին հավելվածը լրացվել է նոր` 7- րդ կետով, որը հստակ սահմանում է պետությունների, քաղաքների, տարածքների և նախկին ԽՍՀՄ քաղաքացիների մասնակցությամբ ընթացած մարտական գործողությունների ժամանակահատվածների ցանկը: Այն ընդգրկում է 1918թ. փետրվարի 23- ից մինչև 1922թ. հոկտեմբեր տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից, 1920թ. մարտ- հոկտեմբերի խորհրդա- լեհական պատերազմից, Հայրենական մեծ պատերազմից մինչև 1960- ական թվականների Լաոսի, 1982թ. հունիսի Սիրիայի և Լիբանանի մարտական գործողությունները:
Արձանագրությունն ստորագրելու են հրավիրված ԱՊՀ երկրների` Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՈՒզբեկստանի, ՈՒկրաինայի կառավարությունները: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացության, Արձանագրության կնքմանը համաձայնություն տալու կառավարության որոշման նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը, ուստի վաղվա նիստում առարկություն չլինելու դեպքում որոշումն ամենայն հավանականությամբ կընդունվի