Հայաստան Քաղաքական 

Բաքուն իր վրա է վերցնում իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը. ԱԳ նախարար

Բաքվի կողմից զուտ հումանիտար հարցերը եւ դրանց շուրջ համագործակցությունը քաղաքականացնելու եւ շահարկելու փորձերը ի ցույց են դնում ադրբեջանական կողմի անհարգալից վերաբերմունքը զոհերի եւ անհայտ կորածների նկատմամբ։ Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Պատրիկ Վիալի հետ հանդիպմանը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին եւ մաղթելով հաջողություն իր պատասխանատու առաքելությունում, նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում կամզակերպության մարդասիրական ակտիվ գործունեությունը՝ միաժամանակ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը սերտորեն համագործակցել կազմակերպության հետ եւ ամենայն աջակցություն ցուցաբերել հումանիտար ճգնաժամերի կանխմանն ուղղված նրա ջանքերին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԿԽՄԿ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալը ներկայացրեց տարածաշրջան իր այցելության նպատակն ու արդյունքները, Բավքում եւ Ստեփանակերտում ունեցած հանդիպումների տպավորությունները։ Նա նշեց, որ կազմակերպությունը շարունակելու է հավատարիմ մնալ իր չեզոք մարդասիրական առաքելությանը։

Անդրադրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ նախաձեռնություններին, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասաց, որ մերժելով միջնորդների առաջարկները՝ Բաքուն իր վրա է վերցնում իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը։

Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց ԿԽՄԿ գործունեությունը հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծեց. «Բաքվի կողմից զուտ հումանիտար հարցերը եւ դրանց շուրջ համագործակցությունը քաղաքականացնելու եւ շահարկելու փորձերը ի ցույց են դնում ադրբեջանական կողմի անհարգալից վերաբերմունքը զոհերի եւ անհայտ կորածների նկատմամբ»:

ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրենը բարձր գնահատեց անհայտ կորածների ճակատագրերը պարզելու հարցում Հայաստանի կառուցողական համագործակցությունը։

Նույն շարքից