Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի նոր պաշտոնին՝ հայտնեց, որ ըստ ԵՏՄ համաձայնագրի՝ չորս տարին մեկ պետք է փոխվի պաշտոնավարող երկիրը՝ համաձայն այբբենական կարգի:
«Դա այն թեկնածությունն էր, որն ուղղակի անվիճելի էր և՛ մակարդակով, և՛ փորձով, և՛ ավելին, քանի որ Տիգրան Սարգսյանի հետ աշխատել են այդ երկրների ղեկավարները և մասնավորապես Վլադիմիր Պուտինը՝ վարչապետ եղած ժամանակ, ու տարբեր առիթներով ճանաչում էին իրեն ու բնութագրում որպես փայլուն մասնագետի»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Նա հայտնեց, որ փետրվարի 1-ին ավարտվում է կոլեգիայի անդամների պաշտոնավարման ժամկետը:
«Ավելին, երբ ՀՀ-ն անդամակցեց ԵՏՄ-ին, որպեսզի ժամկետները պահպանվի, մեր առաջին երեք նախարարի նշանակումը եղել է մինչ փետրվարի մեկը»,-ասաց նա:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք քննարկվել է ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպանի թեկնածության հարցը, փոխնախարարը պատասխանեց, որ հարցն իրեն չի ուղղված, ինքը չի որոշում: