ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովը համարում է լավ հնարավորություն՝ մտքեր փոխանակելու միջազգային հարաբերություններում առկա խնդիրների մասին:
Կարեն Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրում ընթացող համաժողովի ժամանակ նախարարը նշեց, որ սիրիական կոնֆլիկտի հետևանքով միայն Սիրիայից Հայաստանն ընդունել է 17 000 փախստական: «Մերձավոր արևելքում հայկական համայնքների ազգային փոքրամասնությունների խնդիրը մեր մշտական անհանգստության առիթ է»,- ասաց նա:
ՀՀ արտգործնախարարը կարևորեց նաև Իրանի հարցում գործընթացների կարգավորումը՝ նշելով Իրանում տնտեսության զարգացումը էականորեն կփոխի իրավիճակը ողջ տարածաշրջանում:
Նախարարն անդրադարձավ նաև տնտեսական միություններին՝ նշելով, որ դրանց դերը տարածաշրջանում բավական զգալի է: «Փորձագետները փորձում են պարզել, թե ինչքան է այս կամ այն պետությունը շահում՝ անդամակցելով այս կամ այն տնտեսական միությանը: Անհրաժեշտ է պարզել նաև,թե ինչքան կկորցնի՝ չանդամակցելով այդ միություններին, որը լրացուցիչ տնտեսական հնարավորություններ ստանալու միջոց է»,-ասաց նա:
Նախարարի խոսքով՝ ԵՏՄ-ն լրացուցիչ ներուժ է անդամակցող երկրների տնտեսական զարգացման համար: