Հայաստան Քաղաքական 

ԱԺ-ում քննարկվում է նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիների մասնակցության հարցը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում քննարկվում է նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիների մասնակցության հարցը:

Սահմանադրության առաջիկա հանրաքվեին նույնականացման քարտեր ունեցող ՀՀ քաղաքացիները մասնակցելու հնարավորություն չեն ունենա, որովհետև քարտերի վրա հնարավոր չէ տեխնիկական նշում կատարել ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցելու փաստը ֆիքսելու համար:

Այս խնդրի շուրջ, հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և ներկայացրեց «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի հետ կապված իր հիմնավորումները: Պատգամավորը առաջարկում է փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում և նույնականացման քարտերի մասին օրենքում: ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց հարցը լուծելու համար ներդնել համապատասխան էլեկտրոնային սարքեր, որոնք օնլայն համակարգով կֆիքսեն նույնականացման քարտով ընտրած քաղաքացու մասնակցությունը:

Ուրիխանյանին հարց ուղղեց ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը. «Ինչպե՞ս եք պատկերացնում` կրկնակի քվեարկության մեխանիզմն ինչպե՞ս է կարգավորվելու, և առաջարկին համարժեք ի՞նչ լուծումներ կան, արդյոք: Ինչպես նաև` հանրաքվեին մասնակցելու համար ի՞նչ լուծումներ եք առաջարկում»:

Ուրիխանյանը պատասխանեց, որ ցանկացած տարբերակ, որը վերաբերում է վերահսկողություն սահմանելուն, իր կողմից ընդունելի է: «Էլեկտրոնային լուծումները գուցե պահանջում են լուրջ ծախսեր, սակայն փողի մասին խոսակցություններն արդյո՞ք տեղին են, երբ խոսվում է ընտրությունների պատվի մասին»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ խոսքը ոչ թե փողի մեծության մասին է, այլ համակարգի կազմակերպման:

Տիգրան Ուրիխանյանին հարցեր ուղղեց նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Վերջինս հետաքրքրվեց՝ արդյոք վերահսկողական առկա մեխանիզմները չե՞ն բավարարում հարցը կարգավորելու համար:

«Մենք հրապարակում ենք ընտրողների ցուցակներ, անգամ լրացուցիչ ցուցակներ, դրանք փակցվում են ընտրական տեղամասերում, յուրաքանչյուր կուսակցության կողմից երկու ներկայացուցիչ է բերվում, վստահված անձինք: Արդյոք դրանք վերահսկողական լծակներ չե՞ն:  Մարդը ստորագրում է ընտրողների ցուցակում, ու եթե երկրորդ անգամ գա ընտրելու, դա բացահայտվում է: Հիմա նույնականացման քարտի դեպքում ո՞նց եք պատկերացնում, քարտն ենք ծակելո՞ւ: Հետո այդ քարտը հնարավոր կլինի՞ օգտագործել: Ասում եք տեղադրենք սարքեր՝ նշելու մարդկանց մասնակցությունը, արդյո՞ք ուսումնասիրվել է, թե ինչ սարք է: Եթե կա գրող սարք՝ կա նաև ջնջող սարք: Դրոշմակնքիների պարագայում հատուկ նյութերով ջնջվում են անգամ անձնագրի էջը: Ի՞նչ է տեղի ունենալու, եթե  տեխնիկական խափանում լինի»,- հարցեց Մուկուչյանը:

Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, թե ԿԸՀ նախագահը իր նախագծից դուրս հարցեր է հնչեցնում. «Չգիտեմ ինչի եք նախագծից դուրս հարցեր տալիս: Իհարկե, կան վերահսկողական լծակներ, ես չեմ հերքում: Բայց իմ նախագիծը փորձում է լուծել օրենքի հակասությունը, մնացած հարցերը այս նախաձեռնությանը չեն վերաբերում»:

Տիգրան Մուկուչյանն ասաց, թե հարցն իսկապես կարևոր է, քանի որ նույնականացման քարտեր ունեցողների անձը հաստատող միակ փաստաթուղթը դա է և նրանք պետք է իրավունք ունենան մասնակցելու ընտրություններին: ԿԸՀ նախագահը շեշտեց, որ վերահսկողության մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ ցանկացած շեղում ունենա օրենսդրական լուծում և ապահովի ընտրական պրոցեսի անխափան աշխատանքը: «Եթե ընտրության օրն օրինակ ունենանք այդ սարքերի խափանման միջոցներ, լրիվ օբյեկտիվ պատճառներով, սա կդառնա շահարկման առարկա, քան հակառակը»,- ասաց Մուկուչյանը:

Նույն շարքից