Հայաստան Քաղաքական Տնտեսություն 

ԱԺ-ում Արտակ Շաբոյանի և Խաչատուր Քոքոբելյանի միջև բանավեճ տեղի ունեցավ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թ-ի տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի և անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի միջև բուռն բանավեճ է ընթացել:

Խաչատուր Քոքոբելյանը Արտակ Շաբոյանին հորդորեց նշել գոնե մի ոլորտ որտեղ ՏՄՊՊՀ-ի շնորհիվ կարգավորվել է. «Ինչ կասեմ, անձնական չընդունեք, անձնական ոչինչ չկա: Ամեն ինչի մասին խոսեցիք, բացի Ձեր բուն գործունեությունից: Հայաստանում մոնոպոլիայի մեջ խեղդված քայքայված տնտեսություն է՝ բենզին, կաթ, ինտերնետ, հացահատիկ եւ այլն: Ցույց տվեք գեթ մի ոլորտ՝ դեղորայքից սկսած, խանութներում ժամկետանց դեղեր եւ սննդամթերք է, գնագոյացման հետ կապված, մրցկացության հետ կապված, նշեք գոնե մի ոլորտ, որ Ձեր հանձնաժողովի միջամտությամբ կարգավորվել է»:

Ի պատասխան Շաբոյանը նշեց. «Նշում եք ոլորտներ, որ հանձնաժողովի գործառույթներից դուրս է: Պետք է կոնկրետ եւ առարկայական ներկայացնել: Եթե մեր տարիների հաշվետվություներին նայեք, կտեսնեք, թե ինչքան ոլորտներ կան, որ մտել ենք այդ ոլորտներ ու բազմաթիվ խնդիրներ ենք լուծել՝ ինտերնետ կապի, երկթուղային, դեղորայքի եւ այլն: Հանձնաժողովի իրավասության մեջ չի տնում ժամկետանցը: Դեմագոգիայով եք զբաղվում»:

Նրա խոսքով, իրենց հանձնաժողովը դեղորայքի ոլորտում պարզել է, որ բուժհաստատությունների մեծ մասը պետական գնումներ չի իրականացնում, բազմաթիվ տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների համար, այդ թվում՝ «Նատալի ֆարմին» (պատկանում է հայտնի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին-խմբ), եւ մի շարք այլ ընկերությունների տուգանել են, իսկ այն բուժհաստատությունների ցանկը՝ մոտ 100 հիվանդանոցներ ու պոլիկլինիկաներ, որ մրցույթներ չեն հայտարարել, ուղարկել են իրավապահ մարմիններին:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով, բենզինի ոլորտում երկու խոշոր ընկերություններ են իրականացնում ներկրումը, շուկան բարձր կենտրոնացված է եւ մշտապես ՏՄՊՊՀ հսկողության տակ են պահում, պարբերաբար տեղեկատվություն են պահանջում: Բենզինի գինը տարվա ընթացքում 10 տոկոսով նվազել է՝ 470 դրամից դառնալով 420 դրամ, որի վրա ազդել են միջազգային գների նվազումը:

Քոքոբելյանն էլ հայտարարել է, որ Հայաստանում մրցակցային շուկան կայացած չէ, եւ չկա մի ոլորտ, որտեղ նոր մասնակից է մտել: «Փոխեք Ձեր հանձնաժողովի անունը եւ դրեք «Գների հիմնավորման հանձնաժողով», որովհետեւ ամեն ինչ շատ լավ հիմնավորում եք: Ես շատ կարեկցանքով եմ մոտենում Ձեզ, բայց դա իրավունք չի վերապահում հանձնաժողովին, որ արդարացնի ամեն ինչ: Ցանկացած բիզնեսմեն բերում է այնտեղից, որտեղից ձեռք է տալիս իրեն: Շատ բերելու դեպքում` դա կբերի գների կայունացման ու իջեցման»,- հայտարարել է Քոքոբելյանը:

Նույն շարքից