Հայաստան Քաղաքական գլխավոր 

ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որ ծառայում են Թուրքիայի հատուկ ծառայություններին. Հայկ Դեմոյան

Այսօր` հոկտեմբերի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրինության հաշվետու մամուլի ասուլիսում ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը ՀՀ քաղաքացիներին, որոնք կփորձեն Թուրքիայի կամ այլ տարածքում Ցեղասպանության մասին միջոցառումներ, ծրագրեր իրականացնել կոչ արեց զգուշանալ սադրանքից:

«Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ միտում կա միջոցառումներ անել իբր ցեղասպանության մասին, բայց խոսել բարի թուրքերի մասին, թե ոնց են հայերի կյանքը փրկել՝ անտեսելով այն 1.5 մլն ցեղասպանված հայերի ճակատագիրը»,- ասաց Դեմոյանը:

Դեմոյանը նշեց, որ երեւույթներ կան, որոնց մասին չի կարող այսօր բարձրաձայնել: Բայց կոչ է անում զերծ մնալ նման ծրագրերից, թեկուզ իրեն անվանեն ռասիստ կամ այլ բան:

«Կան ՀՀ պաշտոնյաներ, որոնք փորձում են խոչընդոտել իմ գործունեությունը, որպես միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար: Եղել են դեպքեր, երբ ես համայնքներից մեկում հրավիրել եմ քննարկելու մեր ռազմավարությունը՝ 100-ամյակի հետ կապված, եւ Երեւանից մարդիկ, պաշտոնյաների են զանգել, հորդորել են, կարգադրել են, որ դա չանեն:

Հատուկ պատվերի հիման վրա Գիտությունների ակադեմիայում որոշել են ազատվել ինձնից: Ուղղակի թիրախավորել են, իջեցրել են պատվեր: Այդ անձը շուտով կստանա ակադեմիկոսի կոչում: Ես դուրս եմ եկել ակադեմիայի կազմից, որովհետեւ ես չեմ կարող հանդուրժել տգիտություն եւ խուլիգանություն՝ գիտության ասպարեզում: Այստեղ սպորտ չի, օլիմպիադա չի, հասկանո՞ւմ եք»,- ասաց նա:

Ըստ Հայկ Դեմոյանի, մարդիկ չեն գիտակցում, որ ազգային անվտանգության խնդիր է: Լրագրողների հարցին, որ Դուք հիմա ստիպված եք ասել այդ պաշտոնյայի անունը, որը Թուրքիայի հատուկ ծառայությունների համար է աշխատում՝ Հայկ Դեմոյանը անուն տվեց. «Խոսքը Աշոտ Մելքոնյանի մասին է, որ փորձեց բոլոր ճիգերը գործադրել՝ տապալելու իմ ատենախոսությունը:Ատենախոսության պաշտպանությունը ստացավ ձայների մեծամասնությունը»:

Հայկ Դեմոյանը որակեց Աշոտ Մելքոնյանի քայլը լկտի: Աշոտ Մելքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենն է:

Նրա խոսքով՝ Աշոտ Մելքոնյանը ԶԼՄ-ներից մեկին ասել է, որ ատենախոսությունը կարդացել էի, իմ դուրը չէր եկել. «Սա գիտական աշխարհում լուրջ գիտնականի կողմից եթե այդպիսի արտահայտություն է հնչում, դա արդեն լուրջ գիտնական չի: Դուր գալ չգալը ատենախոսության համար չի կարելի ասել: Սա ես համարում եմ անպատժելիություն»:

Նույն շարքից