Հայաստան Քաղաքական Տնտեսություն 

Մի 6 ամիս չաշխատի՞, որ համեմատելու բան լինի. Նազարյանը՝ Կարեն Հարությունյանի մասին

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ասաց, որ առայժմ վաղ է խոսել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին:

Նազարյանը հայտնեց, որ ՀԵՑ-ում տարվող ուսումնասիրությունների առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են, իսկ երկրորդ փուլն ամենաուշը մյուս շաբաթ կավարտվի:

Այն հարցին` հանդիպումներ եղե՞լ են ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ, նա պատասխանեց, թե ինքը երբեք Սամվել Կարապետյանի հետ չի հանդիպել:

«Նրանց հայտարարություններից ես գիտեմ, որ հակաճգնաժամային ծրագիր են մշակել, սակայն դեռևս մանրամասնություններով չգիտեմ: Կարծում եմ` կայքում կհրապարակեն, և մենք բոլորս էլ կտեղեկացվենք»,- ասաց ՀԾԿՀ նախագահը:

Հարցին, թե ՀԾԿՀ-ն ունի՞ տվյալներ` ձմռան ամիսներին միջին խավը քանի կիլովատտ էլեկտրաէներգիա է սպառում, քանի որ կան դժգոհություններ, որ 250 կՎտ-ից շատ է, Նազարյանը պատասխանեց. «Մենք ունենք վիճակագրական տվյալներ, և տարեկան միջին խավը 190-ից 200 կիլովատտ է ծախսում, 250-ից չի անցնում»:

ՀԾԿՀ նախագահը խոսեց նաև ՀԷՑ-ի նորանշանակ տնօրեն Կարեն Հարությունյանի մասին, ըստ նրա` Հարությունյանը պետք է որոշ ժամանակ աշխատի, որ հնարավոր լինի համեմատել Բիբինի հետ: «Մի 6 ամիս չաշխատի՞, որ համեմատելու բան լինի: Նոր տնօրենը այլ պաշտոնում է աշխատել: Մարդիկ կարող են մի պաշտոնում շատ լավ աշխատել, մյուսում` վատ, և հակառակը»,- ասաց Նազարյանը:

Նույն շարքից