Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց, թե ինչ նախապատրաստական աշխատանքներն են իրականացվում ԿԸՀ-ում հանրաքվեից առաջ:
«Երեկ ավարտվեց տեղամասերի սահմանների սահմանումը, վաղը կիրականացվի տեղամասային կենտրոնների սահմանումը, երկուշաբթի օրը ԿԸՀ-ն կստանա համարակալված տեղամասերը և դրանք կհապարակենք»,- ասաց Մուկուչյանը:
Մուկուչյանը ներկայացրեց, թե ինչպես կարելի է խուսափել կրկնաքվեարկությունից՝ նույնականացման քարտերով քվեարկության ժամանակ: «Երբ քաղաքացին գալիս է ընտրատեղամաս, առաջին քայլը, որն անում է, մոտենում է հանձնաժողովի անդամին և ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Ստուգվում է նրա անունը, ազգանունը, նրա լուսանկարն են նայում, որից հետո միայն կարող է մասնակցել ընտրություններին: Այլ տեղամասերում նույն անձը չի կարող քվեարկել, որովհետև ցուցակները կազմվում են ընտրողների հաշվառման վայրի հիման վրա: Ցուցակները հրապարակվում են, դրանք շատ պարզ են ու հրապարակային: Մեկ քաղաքացին ներառված է միայն մեկ ցուցակում, հետևաբար անձը չկա մեկ այլ տեղամասի ցուցակում և չի կարող քվեարկել»,- նշեց ԿԸՀ-ի նախագահը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ընդդիմությունն իրենց ներկայացրած մեխանիզմներին չի հավատում և պահանջում է հապարակել ընտրացուցակները, Մուկուչյանը պատասխանեց, որ դրանք Ընտրական օրենսգրքով ամրագրված մեխանիզմներ են. «Ընտրողների ստորագրած ցուցակները պարունակում են ընտրության գաղտնիություն և, ըստ ընդունված միջազգային չափանիշների, այդ ցուցակները չպետք է լինեն հրապարակման ենթակա»: