Հասարակություն 

Քիշինեւում շարունակվում են հակակառավարական ցույցերն ու երթերը

Մոլդովայում այսօր շարունակվել են հակակառավարական բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իշխանություններին մեղադրում են կոռուպցիայի համար և պահանջում են նրանց հրաժարականը: DA քաղաքացիական հարթակի մի քանի հարյուր ներկայացուցիչներ ցույց են արել երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի նստավայրի մոտ՝ հայտնում է TASS-ը:

«Մենք նախագահից պահանջում ենք Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վիորել Կետրարուին պաշտոնից ազատելու մասին հրամանագիր ստորագրել: Նա պետք է ընթացք տա վարչապետի դիմումին, որը պահանջում է նրա հրաժարականը, քանի որ Կետրարուն գլուխ չի հանում իր պարտականություններից»,- լրագրողներին ասել է հարթակի առաջնորդ Անդրեյ Նեստասեն:

Նա հայտարարել է, որ չնայած նախկին վարչապետի և իշխող կոալիցիայի առաջնորդներից մեկի ձերբակալությանը՝ «բողոքի ակցիաները կշարունակվեն, իսկ իշխանության վրա ճնշումը միայն կուժեղանա»:

Քիշնևում արդեն ավելի քան մեկ ամիս շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում, որոնք պահանջում են իշխանությունների հրաժարականը և 1 մլրդ դոլարի գողության գործի հետաքննություն:

Նույն շարքից