Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Խուլիո Կորտասար

analitik.am

Թարգմանությունը՝ Նաիրա Համբարձումյանի

Ժամանակագրություն Կեսարի համար1)

Դու կկառուցես հզոր մի քաղաք:
Եվ ճանապարհները հզոր այդ քաղաքի կհասնեն
այլ քաղաքների,
այդպես ժանտախտով հիվանդ առնետները
վարակում են այլ առնետների և մարդկանց:
Ամեն շնչավոր քո քաղաքում կփառաբանի քեզ,
դու կլինես մեծարված,
գովաբանված և մեծարված,
ինքդ կսկսես արտասանել քո անունը` որպես անծանոթ`
դադարելով նկատել տարբերությունը կուռքի և մարդկանց միջև:
Հավանաբար, երջանիկ կլինես,
ինչպես ամեն տղամարդ կնոջ հետ,
ինչպես այդ քաղաքի ամեն բնակիչ
հավանաբար, գեղեցիկ կլինես,
ինչպես ամեն մի կուռք` քարե դեմքով,
ինչպես ամեն առյուծ, որ թռչում է կրակե օղակի միջով,
և կկառուցես աշտարակը,
կլինես հանդիսախաղերի արվեստի հովանավորը,
և քո անունով կկոչեն ընտանիքներում
յուրաքանչյուր յոթերորդ երեխային.
Եվ մի՞թե մանրուք չէ, որ ստվերում աճում է բորբոսը,
չէ՞ որ գործարանները իրենց ծխով երկնքում գրում են
քո անվան սկզբնատառերը:
Կավճե շրջանակը կփակվի,
և գիշերվա քարանձավներում արդեն չեն նկարվի փրկարար պատկերներ:
Այժմ և հավիտյան` դու կդառնաս գերագույն քուրմը,
իսկ առավոտյան` ինքդ քո մատուցողը:
Դու կկանգնեցնես հզոր մի քաղաք,
ինչպես մրջյուններն են կառուցում մրջնաբույնը,
և կհասնես դու մինչ Ռումինիա:
Եվ հաղթանակած զորքերի վերադարձի առիթով`
անչափ ուրախություն կլինի բոլոր գրառումներում:
Դա չի անցնի քո բնակության սահմաններից,
բայց կեսօրից մինչև կեսգիշեր
դու կկառուցես հզոր մի քաղաք,
քաղաք-սիրտ, քաղաք-հիշողություն,
քաղաք-անփառունակություն:
Մարդու քաղաքը կդառնա մարդ-քաղաք,
և կսկսեն պաշտպանել քեզ ինչ որ մարդիկ`
այլ մարդկանցից,
մթությունները` մթություններից,
շները` շներից,
երեխաները` երեխաներից,
կանայք, սակայն, նույն ձևով կքնեն
տղամարդկանց հետ,
իսկ պացիֆիստները կկոչեն խաղաղության:
Հավատում եմ, որ կմեռնես դու` հավատալով,
թե կառուցեցիր քաղաքը:
Հավատում եմ, որ դու կառուցեցիր քաղաքը:
Հավատում եմ քեզ և քաղաքին:
Իսկ այժմ, այո, ես հավատում եմ,
այժմ ես գիտեմ, որ դու կանգնեցրեցիր քաղաքը:
Ave, Cezar…

Մեկնակետ
Ո՛չ, դժվար է հավատալ, որ տասներկու տարի առաջ
ես բոլորեցի հիսունը:
Այդ ինչպե՞ս պատահեց, որ դեռևս
տասերկու տարի առա՜ջ
ես դարձա այդքան ծեր:
Իսկ շուտով կասեմ` տասներեք տարի առաջ
ես բոլորեցի հիսունը:
Ո՛չ, ո՛չ, անհնար է:
Երկինքը` կապույտ, ինչպես երբևէ,
Իսկ դու` հմայիչ, ինչպես երբևէ:
Իսկ, գուցե, ուղղակի,
ժամացու՞յցը ճիշտ չի աշխատում:
Լողում են սենյակում
ծխախոտի ծուխը և բույրը վիսկիի.
նրանք ուզում են
ինձ հետ լինել … բայց ոչ,
չի կարելի հավատալ, որ տասներկու տարի առաջ
ես բոլորեցի երկու անգամ քսանհինգը:
Քո ձեռքը խաղում է իմ մազերի հետ,
ես գիտեմ` նա փորձում է ճերմակ մազեր գտնել:
Դե ինչ, մի տասը կլինի,
բայց փորձի՛ր գտնել դրանք:
Ես նորից սկսեցի կարդալ դասականներին,
որոնց մոռացել էի վաղուց:
Պետք է շտապել,
ո՛չ, հարցը մոտալուտ մահվան մեջ չէ,
ուղղակի շուտով ես կասեմ`
տասներեք տարի առաջ
ես բոլորեցի հիսունը…
Եվ հետո կգա տասնչորսը,
և ես վախենում եմ,
ես վախենում եմ այդ թվից,
և եթե քեզ ճիշտն ասեմ,
ես վախենում եմ թվից` տասնչորս:

Սկզբնաղբյուր` lit-bridge.com

Նույն շարքից