Հայաստան Քաղաքական Վերլուծական գլխավոր 

Նոր ինտրիգ իշխանության ներսում

Լրագրողական շրջանակներում լուրեր են պտտվում, որ Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը չի կարողանում համակերպվել Արթուր Օսիկյանի ՔԿՎ պետ լինելու փաստի հետ:

Հիշեցնենք, որ նախարարի պաշտոնի հնարավոր հավակնորդներից մեկը, ըստ մամուլի, հենց Օսիկյանն էր: Արփինե Հովհաննիսյանը ցանկանում է ամեն գնով ու հնարավորինս շուտ ձերբազատվել Օսիկյանից և ՔԿՎ պետի պաշտոնում տեղավորել իր մարդուն: ՔԿՎ պետի պաշտոնը բավական լուրջ լծակ է և, ըստ նույն աղբյուրի, այդ հարցում Արփինեն ունի աջակցություն իրենից ավելի վեր գտնվող ատյանից: Ինչևէ, ենթադրություններով չառաջնորդվելու համար, ուղղակի պետք է վերլուծել, թե հատկապես ո՞ր պաշտոնյային է անհրաժեշտ անմիջական ազդեցություն ունենալ քրեական աշխարհում:

Հաշվի առնելով այն, որ լրատվական դաշտը մեր երկրում առանձնապես մեծ չի, ցանկացած գաղտնի քչփչոց շատ արագ տարածում է գտնում: Ըստ շրջանառվող լուրերի, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ձեռքով նոր ինտրիգ է առաջացել: Նախարարն իր մտերիմ նախկին լրագրող, ներկայումս փաստաբան x-ից ստանում է հեռախոսազանգ, որ ՔԿՀ-ներից մեկում խուզարկություն է իրականացվում: Արփինե Հովհաննիսյանը, ըստ մեր աղբյուրի, փաստաբանին հրահանգում է ԶԼՄ-ներով հնարավորինս դաժան ու դրամատիկ ներկայացնել ստուգման մասին տեղեկությունը, մամուլով շրջանառության մեջ դնել կալանավորների վրա իբր հարձակման տեղեկությունը՝ նպատակ ունենալով ցուցադրել Օսիկյանի անօրինական գործողությունները: Ամենահետաքրքիրը այս ինտրիգում այն է, որ նախարարի ստեղծագործական միտքը հասնում է մինչև այն, որ նա իրեն մտերիմ ԶԼՄ-ներին հրահանգում է քլնգող հոդվածներում անպայման մի թեթև անդրադարձ անել իր պաշտոնին և իրենից պահանջել խիստ մոտեցումներ ցուցաբերել: Այս փոքրիկ դետալը, ըստ մեր աղբյուրի, արվում է այն նպատակով, որ նախարարն իրավիճակն այնպես ներկայացնի,թե իբր ինքն Արթուր Օսիկյանի վատ աշխատանքի պատճառով արժանանում է հասարակական թուքումուրին:

Կհաջողվի՞ Արփինե Հովհաննիսյանին իրեն աջակցող ԶԼՄ-ների միջոցով ազատվել անցանկալի մարդուց, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Մեզ մնում է միայն հարմար տեղավորվել բազկաթոռների մեջ ու հետևել գնալով ավելի հետաքրքիր դարձող իրադարձություններին:

Հ.Գ. Նշենք, որ վերջին շրջանում ավելացել է ՔԿՀ-ներից՝ հեռախոսազանգերի և կապի այլ միջոցներով արվող հանցագործությունների թիվը: Կան բազմաթիվ դեպքեր, երբ բանտերից կապի տարբեր միջոցներով մարդկանց շանտաժի են ենթարկում, փող վերցնում նրանցից, ինչպես նաև հեռախոսային «բազարներ» անում: Այնպես որ, կարելի է փաստել, ՔԿՀ-ներում  խստացումները ոչ թե անհրաժեշտ են, այլ  անգամ ուշացած են:

Թեմայի մասին ավելի մանրամասն կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթի առաջիկա համարում:

 

Նույն շարքից