Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովում ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ անօրինական գաղտնալսումներին և հայտարարեց, որ իր հեռախոսը գաղտնալսվում է: Պատգամավորը հարց ուղղեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ասելով, թե ինչ է կարծում, ինչպես կարելի է առանց համապատասխան օրենքի շրջանակներում գործելու՝ գաղտնալսել հեռախոսազանգերը, ինչպիսի դեպքեր գիտի և ինչպես կարելի է դրա դեմն առնել:
Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ գաղտնալսման մասին որևէ դիմում-բողոք չեն ստացել, ըստ որի հնարավոր լիներ համապատասխան հարցումներ անել իրավապահ մարմիններին, որոնք ունեն այդ գաղտնալսումներն իրականացնող տեխնիկան: Անդրեասյանը նաև խնդրեց, որ Հեղինե Բիշարյանը կոնկրետ օրինակ բերի:
Ի պատասխան՝ Բիշարյանը հայտարարեց, որ անձամբ իր հեռախոսը գաղտնալսվում է:
«Իմ հեռախոսը գաղտնալսվում է: Ինչի համար չգիտեմ: Ես այս երկրում հեղաշրջում չեմ կատարում»,- ասաց Բիշարյանը:
Կարեն Անդրեասյանն էլ պատասխանեց, որ Բիշարյանի հայտարարությունը կարող է ընդունել որպես բանավոր դիմում և հենց այսօր վարույթ կհարուցվի: