Հայաստան Քաղաքական 

Ժողովուրդը որ մտավ զանավեսկի հետև, էդ ո՞վ ա գալու արանքից նայի. Սարոյանը՝ հանրաքվեի մասին

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, ասաց որ դա «100 տոկսանոց ճիշտ քայլ է» և որ մարդիկ կանցնեն, կգնան՝ օրենքները կմնան:

«Մեր ազգը պետք ա հասկանա, որ ամեն ինչից առաջ օրենքն ա, օրենքը: Ժամանակը ցույց կտա, որ էսօրվա արած մեր քայլը ճիշտ ա: Ես հավատում եմ, որ 100 տոկոսով ճիշտ քայլ ենք անում, մարդիկ կանցնեն, կգնան, օրենքները կմնան»,- ասաց Սեյրան Սարոյանը:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք սահմանադրական հանրաքվեն կկեղծվի, Սարոյանը ասաց. «Ժողովուրդը որ մտավ զանավեսկի հետև, էդ ո՞վ ա գալու արանքից նայի, տենա` դու ինչ ես անում: Եթե ժողովուրդը չուզեց, ուզում ես փող տուր, ուզում ես ասա, ինչ ուզում ես արա, մեկ ա `գնալու ա զանավեսկի հետև, ինչ ուզենա անի, ժողովուրդը նենց մարդ ա, որ տոչնի գիտի, որ ուղղությամբ էթա»:

Հարցին, թե ինչո՞ւ նախկինում չէր գործում օրենքը և պիտի այն գործի սահմանադրական փոփոխություններից հետո, պատգամավորը պատասխանեց. «Դե, նենց ենք անելու, որ գործի, էլի: Էդ ո՞ր օրենքը չի գործել»:

Լրագրողները նշեցին, որ արդարադատության հարցում օրենքը հավասար չի գործում բոլորի համար, երբ պաշտոնյաների բարեկամները կարող են սպանել կամ ծեծել, բայց չպատժվել: «Բայց պարզվում ա, չէ՞, էդ ամեն ինչը: Սկզբից սթից շուխուրն էթում ա, ոնց ուզում են, մեկնաբանում են, հետո էդ անտերը պարզվում ա` ով մեղավոր ա, ով մեղավոր չի: Հո չե՞ն կարա զոռով մարդկանց բռնեն, նստացնեն: Ամեն ինչ պարզաբանվում ա, քննություն ա էթում, ոչ մի քննիչ իրա վրա տենց բաներ չի վերցնի: Համ էլ ժողովրդական կարծիքն ուրիշ բան ա, ասենք` մի անգամ լրագրողին մի հատ բան են ասում, ու գնաց սայթերով շուխուրը, հետո պարզվում ա, որ էտի տենց չի էլել»,- ասաց Սեյրան Սարոյանը:

Նույն շարքից