Այսօր, ԱԺ հերթական քառօրյայում, ՄԻՊ 2015թ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պագամավոր Կարինե Պողոսյանը ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ասաց, որ համաձայն չէ, «առկա խնդիրներ» բաժնում կրթության որակի մասին ՄԻՊ ձևակերպումների հետ, ըստ որոնց՝ էլիտար դպրոցներն ավելի բարձր կրթական մակարդակ են ապահովում, քան սովորական դպրոցները:
Կարեն Անդրեասյանը նշեց, որ մասնավոր վճարովի դպրոցներում կրթության որակն ավելի լավն է, իսկ սովորական դպրոցներում, մանավանդ եթե դրանք գտնվում են Երևանի ծայրամասերում կամ որոշ հեռավոր գյուղերում, ապա կրթության որակը զիջում է:
«Ցավալի է, որ կան նման տարբերություններ: Իհարկե, ամբողջ աշխարհում կան կրթության որակի այդ տարբերությունները, և եթե ամեն ինչ նույնը լիներ, մարդիկ այդքան վճարներ չէին տրամադրի մասնավոր կրթական հաստատություններին, որ այնտեղ իրենց երեխաները սովորեն: Բայց անվճար և պետական դպրոցներում կրթության որակը շատ վատն է»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
Կարինե Պողոսյանը կրկին չհամաձայնեց ՄԻՊ-ի հետ ասելով, որ վճարովի դպրոցը կարող է և փայլուն գիտելիքներով չապահովի, և հակառակը՝ պետական անվճար դպրոցներում աշակերտները հաղթում են միջազգային օլիմպիադաներում: Եվս մեկ օրինակ կա, որ նույն մանկավարժը աշխատում է և՛ մասնավոր, և՛ անվճար դպրոցներում, հետևաբար նա չի կարող տաբեր ձևի գիտելիքներ մատուցել:
Կարեն Անդրեասյանը կրկին մնաց իր կարծիքին, նշելով որ կան կրթության որակի տարբերություններ վճարովի ու անվճար դպրոցների միջև: Թեժ քննարկմանը արձագանքեց ԱԺ ղեկավար Գալուստ Սահակյանը և բանավիճող կողմերին մանրակրկիտ բացատրեց մասնավոր և անվճար դպրոցների տարբերությունները:
«Դեպքից դեպք առիթ է հանդիսանում, և պետք է նորից կրկնեմ, որ ուսուցիչների նկատմամբ պետք է զգույշ վերաբերվել: Վատ ուսուցիչ չկա: Կան լավ ուսուցիչներ և շատ լավ ուսուցիչներ:Վատ դպրոցներ չկան, կան լավ դպրոցներ և շատ լավ դպրոցներ, նայած թե մեր ենթագիտակցության մեջ ինչ ենք պահանջում դպրոցից: Դպրոցի նպատակը գերազանցիկ աշակերտ պատրաստելը չէ, դպրոցի խնդիրը ապագայի քաղաքացի պատրաստելն է, դրա համար հանրակրթական դրխոցներում սովորող երեխաները շփվում են բոլոր շերտի երեխաների հետ և կարողանում են հասարակական պատկեր գշագրել իրենց ներաշխարհում:
Իսկ այլընտրանքային դպրոցները դրանք էլիտար դպրոցներ չեն, այլ ընդունակ աշակերտներին հավաքում են, այսինքն կանխորոշված է, որ նրանք ապագայում պետք է գիտնական դառնան, կամ բուհեր ընդունվեն: Այնպես որ դպրոցի հասցեին այս ամբիոնից չպետք է խոսել: Դպրոցը դա Ազգային Ժողով չի, դատա-իրավական համակարգ չի, որ քննարկեք: Մի ուրիշ դեպքում ուսուցչին կաշառակեր են համարում, ինչ է թե մի երկու երեխայի հետ է պարապում: Այս ամբիոնը ուսուցչին քննադատելու ամբիոն չէ»,- ասաց Գալուստ Սահակյանը: