Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ մամուլում տեղ գտած այն այն լուրերին, թե ինքը մեկուսացված է ՀՀԿ շտաբի աշխատանքներից: ԱԺ փոխնախագահը նշեց, որ ինքն ընդգրկված է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախընտրական շտաբի կազմում, ավելին՝ ակտիվ մասնակցում է շտաբի աշխատանքներին:
«Այսօր ես մասնակցելու եմ շտաբի նիստին: Ընդգրկված եմ շտաբի աշխատանքներին ողջ լիազորություններով, ես թիմի անդամ եմ և չէի կարող ընդգրկված չլինել»,- ասաց խորհրդարանի փոխխոսնակը:
Շարմազանովը հավելեց, որ կաշխատի այն ուղղությամբ, որը կառաջարկեն կուսակցության նախագահն ու գործադիր մարմինը:
Այն դիտարկմանը, թե նա լինելով պետական պաշտոնյա, մասնակցում է հանրաքվեի շտաբի աշխատանքներին, Շարմազանովն ասաց, թե չկա մի օրենք, որ արգելի ընդգրկվել շտաբի կազմում:
Խոսելով սահմանադրական հանրաքվեի վերջնական արդյունքի մասին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ վերջնական խոսքը ՀՀ քաղաքացուն է պատկանում:
«Որևէ մեկը իրավունք չունի բռնանալու ժողովրդի կամքին: Խնդիրը հետևյալն է՝ հանրաքվեն անցկացնել ժողովրդավարական ճանապարհով, միջազգային չափանիշներին համապատասխան՝ ժողովրդին ներկայացնելով նոր Սահմանադրության առավելությունները»,- ասաց Շարմազանովը: