Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ ինքը ահմանադրական հանրաքվեին ընդառաջ համակարգելու է պատգամավորների քարոզչական աշխատանքները, հանդիպումները ընտրողների հետ՝ ստեղծելով աշխատանքային խմբեր:
ՀՀԿ նախընտրական շտաբում ընդգրկված Վիգեն Սարգսյանը համակարգելու է քարոզչական աշխատանքները, Հովիկ Հովսեփյանը զբաղվելու է կազմակերպչական աշխատանքներով, Արմեն Երիցյանը համակարգելու է մարզային քարոզչությունը:
Հարցին, թե ՀՀԿ շտաբում ընդգրկված պաշտոնյաներն օգտագործելո՞ւ են վերահսկողական լծակներ՝ «այո»-ն ապահովելու համար, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ ոչ ոք իր լծակները չի օգտագործելու, և որ այդ մարդիկ ընդգրկվել են շտաբում փորձառու լինելու պատճառով:
«Մենք պետք է այնպես կազմակերպենք հանրաքվեն, որ խոցելի կողմ չլինի, քանի որ այս պրոցեսին հետևում է ողջ միջազգային հանրությունը»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նա հայտնեց, որ նախընտրական քարոզչության մեջ ընդգրկված պաշտոնյաներն իրենց աշխատանքից հետո են զբաղվելու քարոզչությամբ, և եթե որևէ մեկը ծանրաբեռնված լինի ու չհասցնի, այդ հարցն էլ կքննարկեն շտաբում:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ավելացրեց նաև, որ ՀՀԿ-ն իր առջև խնդիր չի դրել՝ կիրառել վարչական լծակներ, միայն կազմակերպչական նպատակներ է հետապնդումլ: «Որևէ մեկն իր մասնագիտությունը կամ պաշտոնը չի կիրառելու քարոզարշավի ժամանակ, նրանք հանդես են գալու որպես ՀՀԿ շտաբի անդամներ»,- ասաց նա: