ԵՄ որոշ երկրներ աջակցում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու առաջարկությունը` իրենց առաջիկա քննարկման ժամանակ, սակայն դրա համար հիմքեր չկան: Այս մասին հայտարարել է Լիտվայից եվրախորհրդարանական Գաբրիելյուս Լանդսբերգիսը` ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ, գրում է Korrespondent.net-ը:
«Որոշ անդամ-պետություններ խոսում են այն մասին, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը կարող է հանվել` ի նշան խրախուսանքի»,- ասել է Լանդսբերգիսը:
Նրա խոսքերով` ինքն Ուկրաինայում դրության բարելավման ակնհայտ նշաններ չի տեսնում, բացի գործող հրադադարից: «Պատժամիջոցների չեղարկման մասին ցանկացած խոսակցություն վարկաբեկում է Մինսկի համաձայնագրերը»,- ընդգծել է նա:
Լանդսբերգիսը հույս է հայտնել, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չչեղարկելու որոշման վրա ազդում է իր կողմից նախապատրաստված և Եվրախորհրդարանի կողմից ընդունված զեկույցը այդ երկրի և ԵՄ-ի հարաբերությունների մասին: