«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի շրջանակներում ՀՀ իշխանությունները որոշել են առաջին անգամ իշխանական լծակները կիրառել անկաշկանդ և բացեիբաց:
Հայաստանի անկախության տարիներին տեղի ունեցած ընտրական գործընթացներում, իսկ հանրաքվեն առաջին հերթին ընտրական գործընթաց է, իշխանությունները, որպես կանոն, իշխանական լծակները կիրառել են, այսպես կոչված, քողարկված ձևով: Քարոզարշավում ներգրավված պաշտոնյաները մշտապես արձակուրդ են մեկնել և անհրաժեշտության դեպքում հայտարարել, թե իրենք այդ շրջանում ոչ մի պաշտոնական լծակ չեն տնօրինել: Իհարկե, բոլորը հասկացել են, որ դրանք զուտ հայտարարություններ են և իրականության հետ կապ չունեն, սակայն մյուս կողմից այդպիսով պահպանելով իշխանական լծակ չկիրառելու գոնե ձևական կողմը:
Ավելին՝ այդպիսով իշխանությունները նաև պաշտոնապես ընդունել են, որ քարոզարշավի շրջանակներում իրավունք չունեն իշխանական լծակներ կիրառել: Իսկ հիմա սահմանադրական հանրաքվեի ՀՀԿ-ի քարոզարշավի ղեկավարը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, իսկ տեղակալները՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Նրանք կլինեն ընտրակեղծարարության գլխավոր պատասխանատուները, քանի որ հենց նրանց տեղակալներ կարգելով՝ իշխանությունը ցանկանում է ազդարարել, որ մտադիր է իշխանական լծակները բացեիբաց օգտագործել: Այսպիսով, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն գործնականում կարող է դառնալ նոր մոտեցման փորձարկումը 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ: Իսկ միջազգային կառույցներն այս երևույթի վրա աչք փակելով՝ փաստացի իշխանություններին կարտոնեն, որ 2017-ին նրանք ևս այդ նույն կերպ գործեն և իրենց ճաշակով նոր խորհրդարան ձևավորեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: