ԱԺ-ում, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյան իր ելույթում նշել է, որ մի կողմից ՀՀ քաղաքացուն հնարավորություն է տրվել չունենալ անձնագիր, դրա փոխարեն ունենալ նույնականացման քարտ եւ կենսաչափական անձնագիր, մյուս կողմից օրենսդրությունը շարունակում է ընտրողներն քվեարկելու հնարավորություն է տալ բացառապես սովորական անձնագրերով եւ արգելում է նույնականացման քարտերով եւ կենսաչափական անձնագրերով քվեարկել։
«Ստացվում է, որ ՀՀ-ում 184 կամ 182 հազար մարդ զրկվել է քվեարկելու իրավունքից։ Այս օրենքները կառավարությունն ընդունել է, եկել է Ազգային ժողով, հավսար զգաստով դակել ենք անցել է։ Բա որ օրենքները բերում եք 24-ժամյա ռեժիմ, հրատապ, անհետաձգելի, բա սա է մեր օրենսդրական գործունեության արգասիքը։
Հանրապետական մեծամասնությունը որոշել է լուծել այս հարցը, բայց ունքը սարքելու փոխարեն աչքն էլ է հանել։ Ասում են, դե լավ տենց տենց ա, եկեք նույնականացման քարտով իրավունք տանք քվեարկեն։ Ամեն ինչ նորմալ է իհարկե, բայց ըստ էության վերանում է կրկնաքվեարկության կանխման կարեւոր մեխանիզմներից մեկը։ Մարդիկ անձնագրում դրոշմակնիք էին ստանում, որպեսզի չկարողանան նորից քվեարկել։ Այսօրվա օրենսդրությամբ քվեարկած եւ չքվեարկած քաղաքացիների անձնագրերը իրարից տարբերվում են դրոշմակնիքով։ Փոփոխության արդյունքում քվեարկած եւ չքվեարկած քաղաքացիների նույնականացման քարտերը չեն տարբերվելու։ Հիմա, եթե սրա կարիքը չկար ընդհանրապես, ինչպես հիմա արդեն մեր որոշ գործընկերներն են սկսել պնդել, ուրեմն չընդունեիք դրոշմակնիքի առկայությունը»,-հայտարարել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանով մեկ տոնում էին, թե վերջապես գտել ենք ձեւը, հիմա ասում են՝ ինչ կապ ունի, թող չտարբերվի։ «Եթե այդ մեխանիզմը չկա, ուրեմն կրկնաքվեարկության համար միջանցք է բացվել։ Սա շատերին հասկանալիորեն հիմք է տալիս մտածելու, որ ՀՀԿ-ն կրկնաքվեարկության բազա է ստեղծում իր համար։ Հանրապետականներն ասում են մենք բազա չենք ստեղծում, մենք ուզում ենք 182 հազար քաղաքացիներին քվեարկության իրավունք տալ։ Եթե խնդիրը դա է պետք է մտածել մեխանիզմ։ Հիմա ասում են, թե ժամանակ չկա, մի ամիս բան է մնացել։
Բայց կան տարբերակներ, որոնք ո՛չ ժամանակ են պահանջում, ո՛չ ջանք ու միջոց։ Օրինակ՝ մատները թանաքոտելու միջոցը։ Հովհաննես Սահակյանը ասում է, թե դա կիրառել են տարբեր երկրներում՝ Հնդկաստանում, Վրաստանում եւ վատ արդյունքներ են տվել։ Գոնե ուրիշ երկրներ օրինակ բերեք։ Հնդկաստանը համարվում է աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն ունեցող երկրներից, իսկ Վրաստանում էլ վերջին 12 տարում 2 անգամ իշխանափոխություն է եղել։ Ահա այն վատ հետեւանքը, որի դեմ հասկանալիորեն պայքարում է ՀՀԿ-ն։
Ինձ համար զարմանալի է, իմ գործընկերներն ասում են՝ մարդկանց հարցրե՞լ եք, իրենք ուզու՞մ են, որ մատները թանաքոտեք։ Իսկ մարդկանց հարցրե՞լ եք, իրենք ուզու՞մ են, որ ԱՀՀ-ն 20 տոկոս լինի։ Ուզո՞ւմ են եկամտահարկ տան։ Մարդկանց ընդհանրապես հարցրե՞լ եք, իրենք ուզո՞ւմ են ձեզ ընտրեն։ Այսօր մարդկանց հարցնեք, ընտրություն ուզո՞ւմ եք, կասեն հոգնել ենք ձեզանից էլ, ձեր ընտրությունից էլ»,-ընդգծել է նա:
«Հետո խոսում եք պոպուլիզմի՞ց։ Ով պոպուլիզմից կխոսի, ուրեմն ընկերներ, կներեք, դուք տանձից, խնձորից, մանդարինից, վարունգ-պոմիդոր, տենց բաներից խոսեք։ Ի վերջո հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը, իմ հարցին ի պատասխան, ինձ ասում է Դուք՝ որպես ազնիվ պատգամավոր։ Պարո՛ն Սահակյան, մենք ի՞նչ ազնիվ, բոլոր ազնիվ պատգամավորները հավաքված են ձեր խմբակցությունում։ Ինձնից ի՞նչ ազնիվ, ես ձեր իշխանության տարիներին 2 անգամ դատվել եմ քրեական հանցագործություն կատարելու համար։ 14 ամիս եղել եմ հետախուզման մեջ, 2 տարի՝ բանտում։ Ձեր լեզուն ոնց է պտտվում ինձ ազնիվ ասեք։ Ազնիվը Դուք եք, ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն է, ձեր կուսակցության անդամ Արտաշես Գեղամյանն է, որոնց ջանքերով դեռ 1999թ. ինձ դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց։ Շնորհակալություն ուշադրության համար պարոնայք եւ տիկնայք ազնվազարմ պատգամավորներ»,- իր խոսքն է ամփոփել ընդդիմադիր պատգամավորը: