Հայաստան Քաղաքական Տնտեսություն 

Հարգելի կառավարություն, այս ձևով հնարավոր չէ առաջ մղել երկրի տնտեսությունը. Ա. Միանասյան

Այսօր, ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած՝ «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը: Հիմնական զեկուցող՝ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրենքի նախաձեռնությամբ առաջարկվում է փոխել ծխախոտի և օղու ակցիզային դրույքաչափերը, դա պայմանավորված է ԵՏՄ անդամակցությամբ, քանի որ նշված ապրանքատեսակների դրույքաչափերը պետք է ներդաշնակեցվեն: Օրենքը ուժի մեջ պետք է մտնի 2016թ. մայիսի 1-ից:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ քննարկվող նախագիծը գլխացավ առաջացնող նախագիծ է, և որ այդ նախագիծը երկրորդ ընթերցմամբ չպետք է ներկայացվի, ընդհակառակը՝ պետք է քննարկվի, թե ինչպես անել, որ Հայաստանի բիզնես միջավայրը բարելավվի:

«Բանից պարզվում է, որ այս փոփոխությունների պահանջը, ըստ էության, Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջն է, բայց մինչ այս պահը մեզ ներկայացվել է այլ բան: Եթե այդպես է՝ պետք է Արժույթի միջազգային հիմնադրամի առաջ հարց դնել, թե ինչպե՞ս են պատկերացնում սոցիալ-տնտեսական ներկայիս պայմաններում այդ պահանջի իրագործումը, երբ Հայաստանի տնտեսական ցուցանիշները վկայում են, որ առևտրի շրջանառության 6 տոկոս անկում ունենք: Ուրեմն ի՞նչ է սպասվում այդ նախագիծը ընդունելուց հետո: Թույլ տվեք կասկածել ձեր անկեղծությանը, հարգելի' կառավարություն, ու ձեր ծրագրերի համարժեքությանը, այս ձևով հնարավոր չէ, որ դուք կարողանաք առաջ մղել երկրի տնտեսությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ առաջարկվող հարկատեսակը չի նպաստելու երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, մանավանդ՝ նախագիծ է ներկայացվում առանց տնտեսական վիճակի զարգացման պլանի ու ազդեցության գնահատականի:

Նույն շարքից