Հայաստան Հասարակություն 

Ապօրինի ծառահատումներ Սյունիքի մարզում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական  վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Ճակատենի անտառպետության» թիվ 5 պահաբաժնում կատարված անտառահատումների մի շարք հանգամանքներ, հստակեցվում է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երեք անձի մեղադրանք է առաջադրվել։

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2015թ. օգոստոսի կեսերից սեպտեմբերի 20-նն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Ճակատեն» անտառպետության թիվ 5 պահաբաժնում, բենզասղոցի գործադրմամբ, մինչեւ աճի դադարեցման աստիճանն ապօրինի հատվել է 142 ծառ (կաղնի, բոխի եւ թխկի տեսակի)՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Քննությամբ պարզվել է ապօրինի անտառահատում իրականացրած անձանց ինքնությունը եւ 2015թ. հոկտեմբերի 15-ին առանձնապես խոշոր չափերով անտառահատում կատարելու կասկածանքով ձերբակալվել են Սյունիքի մարզի բնակիչներ Ա.Սարգսյանը եւ Վ.Աթաբեկյանը: Քննության արդյունքներով՝ վերջիններիս  հոկտեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Ա.Սարգսյանի եւ Վ.Աթաբեկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը մերժվել է:

Նախաքննությամբ  պարզվել է նաեւ, որ ապօրինի ծառահատումները հետեւանք են դրանք կանխարգելելու պարտականություն ունեցող անձի կողմից դրսեւորված անբարեխղճ վերաբերմունքի։

2015 թվականի հոկտեմբերի 20-ին ձերբակալվել է «Ճակատենի անտառպետության» թիվ 5 պահաբաժնի անտառապահ Անդրանիկ Մարգարյանը։ Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ անտառապահը, օժտված լինելով ապօրինի անտառահատումները կանխարգելելու, ապօրինի հատված անտառանյութը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավելու եւ պահպանելու իրավունքներով, դրանց կատարման ընթացքում աշխատանքի հանդեպ ունեցած անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, թույլատրել եւ օժանդակել է իր պահպանությանը հանձնված անտառամասից ապօրինի, բենզասղոցի գործադրմամբ հատել նշված ծառերը։

Հոկտեմբերի 23-ին Ա.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նույն շարքից