Այսօր՝ հոկտեմբեր 30-ին Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, շարունակվեց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Արման Կատունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ` Ջեմմա Խաչատրյանի և հարևանությամբ բնակվող Հարություն Գրիգորյանի միջև արտաամուսնական հարաբերությունները Հարություն Գրիգորյանի պահանջով պարզելու նպատակով, 2014թ. հուլիսի 24-ին՝ ժամը 11-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով, կնոջ հետ գնացել է Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամաս` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսաքանդ շինության մոտ, որտեղ հանդիպել է Գրիգորյանին և վերջինիս կողմից ամիսներ շարունակ, պարբերաբար դրսևորած հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, ապօրինի կերպով ձեռք բերած, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված ատրճանակով, յոթ անգամ կրակել է Հարություն Գրիգորյանի վրա և սպանել նրան:
Հիշեցնենք նաև, որ նախորդ դատական նիստում որոշում էր կայացվել ևս մեկ վկայի` Աննա Սիմոնյանի հարցաքննության համար թարգմանիչ ներգրավել, քանի որ, ըստ վկայի, ինքը հայերենին լիովին չի տիրապետում: Թարգմանիչ Լիլիթ Ադամյանն այսօր ներկայացել էր դատարան, սակայն թարգմանչական գործունեության իրականացման հետ կապված խնդիրներ առաջացան: Մասնավորապես, տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ թարգմանիչը չի կարող լիազորագրով դատարանի դահլիճում թարգմանություն կատարել: Բացի դրանից՝ ինքնաբացարկ էր հայտնել նախորդ թարգմանիչը: Հոսանքազրկվեց նաև դատարանի շենքը: Նոր թարգմանչի ներգրավվելու հետ կապված խնդիրների առնչությամբ դատավոր Վարդան Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Դատական նիստը հետաձգվեց: Նախագահողի որոշումը կհրապարակվի հաջորդ դատական նիստին, որը կկայանա նոյեմբերի 13-ին: