Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան աշխատանքային այցի շրջանակներում այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Սերժ Սարգսյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ ավանդական բարիդրացիության, երկու երկրների բարեկամ ժողովուրդների միջեւ պատմական հենքի վրա խարսխված միջպետական շփումները, այդ թվում` Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների արդյունավետ փոխգործակցությունը լուրջ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար:
Զրուցակիցները երկուստեք կարեւորել են տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային, այդ թվում` էներգետիկ ծրագրերի իրականացումը, որոնք, նրանց համոզմամբ, զգալիորեն կխթանեն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդումը, կնպաստեն առեւտրաշրջանառության ծավալների աճին:
Անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրների մասնակցությանը` ՀՀ նախագահը եւ Վրաստանի վարչապետը մատնանշել են դրանց փոխլրացնող բնույթը եւ ենթակառուցվածքային ծրագրերի փոխկապակցման կարեւորությունը: