Հայաստանում հեռահար բանկային ծառայությունները մեծ տարածում չունեն, քանի որ ինտերնետից օգտվողների կեսը երիտասարդներ են, ովքեր բանկի հետ կապ չունեն, իսկ բանկի հետ կապ ունեցողներն էլ քիչ գրագետ են։
Այս մասին այսօր «Ամերիաբանկի» կողմից կազմակերպված «Հիմնավորված է արդյոք հեռահար բանկային ծառայությունների տարածումը Հայաստանում» թեմայով պանելային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Հետաքրքիր ֆենոմեն է՝ Հայաստանում օնլայն առևտուրն աճում է ավելի արագ, քան բանկային հեռահար ծառայությունները: Մարդիկ ավելի շատ ծախսում են դրսից ապրանք, հագուստ ձեռք բերելու վրա, քան ներսում՝ բանկային համակարգում»,-նկատեց Սամվել Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է համակարգերի անվտանգությանը, ապա Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանում վիճակը նորմալ է, քանի որ հեռահար բանկային ծառայություններից օգտվողները քիչ են, ինչը նշանակում է, որ շուկան փոքր է: