Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նոյեմբերին օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի հոկտեմբերի համեմատությամբ:
«Հանրապետության ողջ տարածքում, նոյեմբեր ամսին, օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից մեկ աստիճանով ցածր, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելի»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին տասնօրյակում ցերեկային ժամերին ակնկալվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +7-ից +9-ը, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում կներթափանցեն արկտիկական ցուրտ հոսանքներ և նշված մարզերում գիշերային ջերմաստիճանը կնվազի մինչև -15-ից -18 աստիճան:
Երևանում ամսվա առաջին օրերին ակնկալվում է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև 12-14 աստիճան, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում գիշերային ժամերին սպասվում է մինչև -5-ից -7 աստիճան ցուրտ: