Այսօր՝ նոյեմբերի 2-ին, կառավարությունը ԱԺ-ին է ներկայացրել 2016թ պետական բյուջեի նախագիծը: Այս կապակցությամբ՝ ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանին:
Հրանտ Բագրատյանը իր կարծիքը ներկայացրեց, որ 2012-ից սկսած Հայաստանին օդի պես անրաժեշտ է 7 տոկոս տնտեսական աճ, որպեսզի միգրացիայի ցուցանիշը նվազի: Եվ հակառակը, որքան տնտեսական աճը նվազում է, միգրացիայի ցուցանիշները աճում են, և այս տարին Հայաստանը կարող է փակել կես միլիոն արտագաղթած մարդկանց ցուցանիշով:
«Դուք ասում եք ՝մյւոս տարի վատ է լինելու, դրա համար էլ կանխատեսվում է 2,2 տոկոս տնտեսական աճ: Նայենք, թե որտե՞ղ է վատ լինելու: Աշխարհում հաջորդ տարի սպասվում է 3,8 տոկոս տնտեսական աճ, ինչը 17 տարվա մեջ երրորդ լավ ցուցանիշն է: Աշխարհի համար սա չտեսնված ցուցանիշ է: Հայաստանի հիմնական գործընկերներն ունենալու են 3,2 տոկոս տնտեսական աճ, հարևաններից՝ Իրանը՝ 4,4 տոկոս տնտեսական աճ, Թուրքիան՝ 3,5 տոկոս, Ադրբեջանն ու Վրաստանը ունեն 3 տոկոս:ԵՄ-ան առաջին անգամ 17 տարվա մեջ ունենալու է 2,1 տոկոս: Ռուսաստանում մի քանի թիվ կա, եթե նավթի գինը կմնա 45 դոլար, ապա կունենան 0,5 տոկոս, եթե նավթի գինը կբարձրանա 55 դոլար, կունենան 1,5 տոկոս տնտեսական աճ:
«Մենք ինչի՞ հիմա վրա ենք ասում, որ վատանալու է և ինչու՞ պետք է Հայաստանի թիվը իջնի: Տնտեսական աճը վերաբերում է ներդրումներին: Է ներդրումներ արեք, թող տնտեսական աճը բարձրանա: Բա դրա համար է իշխող կուսակցությունը իշխող համարվում, որ ներդրումներ անի: Բա աճացրեք տնտեսություն, ինչու՞ եք պարտվողական ցուցանիշ դնում: Հանրապետության սահմաններից դուրս է միայն վիճակը լավ, և միայն հանրապետության սահմանների ներսում է ամեն ինչ վատ և հիմարն ու անճարն է, ինձ հետ միասին, որ մնացել են հանրապետությունում»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ եթե 7 տոկոս տնտեսական աճ են ցանկանում, ապա 7-ը բազմապատկում են 3-ով , և 21 տոկոս ներդրումներ պետք է լինի:
Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ իր համար կարևոր է Ռուսաստանի ու ԵՄ ցուցանիշները, որտեղ վատ է վիճակը, և եթե այնտեղ վատ է վիճակը, ապա Հայաստանում չի կարող վիճակը լավ լինել:
Նրա խոսքով կառավարությունը պրագմատիզմի տեսանկյունից ելնելով է կանխատեսել 2,2 տոկոս տնտեսական աճ, և եթե կանխատեսածից բարձր կլինի, ավելի լավ, ոչ թե սկզբից բարձր ցուցանիշ կանխտեսեն ու արդյունքում չհասնեն դրան:
Հրանտ Բագրատյանը արձագանքեց, ասելով, որ ԵՄ-ն ու Ռուսաստանը ավելացրել են իրենց տնտեսական աճը: Նա հավելեց, որ Հայաստանի կառավարութունը չունի տրանսֆերտների կառավարման մենեջմենթ:
«Դուք գլոբալ պարտվել եք, տնտեսությունը կանգնեցրել եք աղետի առաջ, այն չի աճում ու չի էլ աճելու»,- ասաց Հրանտ Բագրատյանը: