Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

ՀՀ-ի համար լուրջ խնդիր է դառնալու Թուրքիայի հանդեպ սառը չեզոքության դիրքերում մնալը

Նոյեմբերի մեկին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իրեն սատարող քաղաքական ուժի ունեցած կարևոր հաղթանակի շնորհիվ նախագահ Էրդողանն առաջիկա տարիներին ուզածի չափ ազատ գործելու հնարավորություն ստացավ:

Այս հանգամանքն առավել կարևոր է այն պատճառով, որ հենց առաջիկա չորս-հինգ տարիները մեր և հարակից տարածաշրջանների համար լինելու են սրընթաց զարգացումների բավականին մռայլ մի ժամանակահատված և Թուրքիան լինելու է դրանց առավել ակտիվ մասնակիցներից մեկը:

Սա դեռ չի նշանակում, որ էրդողանը նպատակադրվելու է հատկապես հակահայկական գործունեություն ծավալելու ուղղությամբ՝ այս առումով շատ բան կախված կլինի հենց պաշտոնական Երևանի պահվածքից, նրա քաղաքական հեռատեսությունից և ճկունությունից:

Սակայն քանի որ մոտակա տարիները նշանավորվելու են հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման առկա միտումների առարկայական խորացմամբ, Հայաստանի համար լուրջ խնդիր է դառնալու Թուրքիայի հանդեպ անգամ սառը չեզոքության դիրքերում մնալը:

Անկախ ամեն ինչից հայ-թուրքական հարաբերություններում հայկական կողմը պետք է ձգտի զերծ մնալ իրեն պարտադրվող հակաթուրքական` միաժամանակ ագրեսիվ ու լալկան քարոզչության գերին դառնալու հեռանկարից:

Թուրքիայում անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում այդ երկրի խորհրդարանի անդամ դարձան տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող երեք հայ թեկնածուներ, որոնցից մեկը հենց իշխող ԱԶԿ-ի ցուցակից է:

Սա վկայությունն է այն բանի, որ այդ երկրի քաղաքական վերնախավը տեղի հայկական գործոնը խաղի մեջ մտցնելու ռազմավարական որոշում է կայացրել և Հայաստանի հետ հարաբերությունների մասով այն կարող է օգտագործվել ինչպես դրական, այնպես էլ բացասական համատեքստում՝ ելնելով քաղաքական զարգացումների ընթացիկ առանձնահատկություններից, այդ պատգամավորները կարող են դառնալ թե′ Թուրքիա-Հայաստան փոխըմբռնման կամուրջի շինարարներ, թե′ ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության քննադատներ:

Նույն շարքից