Հասարակություն 

Վերջին տասնամյակում աշխարհում սպանվել է ավելի քան 700 լրագրող. ՄԱԿ

Վերջին տասնամյակում աշխարհում սպանվել է ավելի քան 700 լրագրող` հանրությանը լրատվություն և տեղեկատվություն հասցնելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 2-ին` Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության վերացման միջազգային օրը, այս մասին հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպությունը:

«Լրագրողների սպանությունների 10-ից միայն մեկ դեպքում է, որ հանցագործությունը պատժվում է: Նման անպատժելիությունը խորացնում է վախը հասարակության և լրագրողների շրջանում` սնելով անպատժելիության նոր դեպքեր»,- նշվում է կազմակերպության կայքում:

Օրվա առթիվ ուղերձ էր հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը` նշելով այս երևույթի դեմ պայքարելու ու ազատ լրատվության ապահովման անհրաժեշտությունը:

«Լրագրողները չպետք է ստիպված լինեն ինքնագրաքննություն կատարել իրենց կյանքի համար վախենալու պատճառով»,- ասել էր նա:

Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության վերացման միջազգային օրը ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից հռչակվել է, որպեսզի ընդգծվի լրագրողներին պաշտպանելու հրամայականը, ինչպես նաև ի հիշատակ 2013 թ. նոյեմբերի 2-ին Մալիում սպանված ֆրանսիացի երկու լրագրողների:

Նույն շարքից