Հայաստանի ղեկավարությունը հետևողական է Ռուսաստանի հետ և ինտեգրացիոն միավորումների շրջանակում երկկողմ համագործակցության զարգացման գործում: Նոյեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջեւ գործընկերության մասին ապագա համաձայնագրի ստորագրումը:
«Ես բացարձակ վստահ եմ, որ ժամանակի փորձություն անցած մեր բազմադարյա եղբայրությունը, Հայաստանի և Ռուսաստանի, ռուս եւ հայ ժողովուրդների միջև փոխըմբռնումն արտաքին գործոնների հետեւանքով որեւէ փոփոխության չի ենթարկվի»,- հայտնել է Վալենտինա Մատվիենկոն:
«ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունն ամենևին չի արգելում երկրին համագործակցություն զարգացնել Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ: Վստահ եմ, որ Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը, բնականաբար, վնաս չի հասցնի այն համակարգերին, որոնք արդեն գոյություն ունեն և որոնց հարցում Հայաստանը հետաքրքրված է»,- հավելեց Մատվիենկոն: