Առողջապահություն Հասարակություն 

Աուտիզմով տառապող երեխաներին պետք է հասարակության հոգատարությունը

analitik.am

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է, և այդ առիթով այսօր Երևանում անցկացվեց միջոցառում նվիրված աուտիզմով տառապող երեխաներին: Այն կազմակերպել էր «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը»:

Այս երեխաների առաջնային խնդիրը հասարակությանն ինտեգրվելն է, ինչն էլ փորձում է լուծել կենտրոնը: Միջոցառման ընթացքում ներկայացված էին աուտիզմով տառապող երեխաների կողմից արված զարմանալիորեն  գեղեցիկ՝ կարելի է ասել աբսրակտ ոճի նկարները, իսկ երաժշտական տաղանդ ունեցող երեխաները ներկաներին նվիրեցին դաշնամուրային գեղեցիկ կատարումներ: Երեխաների կողմից կատարվող ստեղծագործությունների մեջ այնքան զգացմունք, սեր և քնքշանք կար, որ բառերով ուղղակի անհնար է ներկայացնել: Ավարտին ցուցադրվեց կարճ ֆիլմ, որտեղ ներկայացված էին աուտիզմով տառապող երեխաների հետ շփման տաս կանոնները: 

Ներկա էր նաև առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Վերջինիս հովանու ներքո 2012 թ. ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամը», որի շնորհիվ շատ երեխաներ օգնություն ստանալու հնարավորություն ունեցան: 

Կենտրոնի ղեկավար Նարինե Վարդանյանը նշեց. «Չեմ կարող ասել, որ դժվար է աշխատել այս երեխաների հետ: Իրենք շատ հետաքրքիր երեխաներ են, ու երբ սիրում ես երեխային ու մոտենում ես զուտ գնահատելով իր նվաճումները, առաջընթացները, ցանկացած աշխատանք հեշտանում է»:

Հասմիկ Մարգարյանը նշեց, որ անհնար կլիներ այս ծավալուն և բարդ աշխատանքն իրագործել առանց Ռիտա Սարգսյանի հովանավորություն, և շնորհակալություն հայտնեց առաջին տիկնոջը, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր բարձր գիտակցություն են ցուցաբերում՝ հասկանալով և ընդունելով այս երեխաներին: Նա նաև ավելացրեց, որ աուտիզմով տառապող երեխաների հետ պետք է մշտապես աշխատել, ինչի արդյունքում որոշ դեպքերում զգալի առաջընթաց է գրանցվում երեխաների մոտ: 

Ելույթ ունեցավ նաև «Անալիտիկ» կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանը, ով նշեց, որ բարձր է գնահատում բոլոր այն անհատներին, ովքեր մարդասիրություն բարձր աստիճան են դրսևորում և փորձում են օգնել հասարակության «թույլ» անդամներին՝ հնարավորություն տալով նրանց զգալ իրենց  հասարակության անբաժաների մասին: Անի Հովհաննիսյանը նաև նշեց, որ «Անալիտիկ» կենտրոնը մշտապես պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել հաշմանդամ երեխաներին.«Մարդասիրությունը բարձրագույն արժանիք է, ուստի ես խորապես հիացած եմ այն մարդկանցով, ովքեր ունեն այդ արժանիքը, ես վստահ եմ, որ նոր սերնդի ներկայացուցիչներին՝ երիտասարդներիս, այդ արժանիքի կուղեկցի մեր ամբողջ կյանքի և գործունեության ընթացքում: Հասարակության անդամները պետք է գիտակցեն, որ այս երեխաներն էլ են մեր հասարակության բջիջները, և եթե նրանք ի ծնե զրկված են մի շարք հնարավորություններից, ապա չպետք է մերժվեն հասարակության կողմից, այլ հակառակը՝ արժանանան հասարակության անդամների սիրուն և ջերմ վերաբերմունքին»: 

Նույն շարքից