Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունը կներկայացվի «World Travel Market 2015» ցուցահանդեսին

analitik.am

2015 թ. նոյեմբերի 2-5-ը Հայաստանի զարգացման հիմնադրամը զբոսաշրջային 6 ընկերությունների հետ համատեղ Լոնդոնում ներկայացնում են հայկական երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունը «World Travel Market 2015» ամենամյա միջազգային ցուցահանդեսին, տեղեկացնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից։

Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 186 երկրների շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություններ և ոլորտի ավելի քան 50 հազար մասնագետներ: Հիշեցնենք, որ ցուցահանդեսը հաջորդում է ոլորտի կարևորագույն միջոցառմանը՝ Մեծ Բրիտանիայի զբոսաշրջային թեմաներով գրող լրագրողների ընկերակցության ընթրիք-մրցանակաբաշխությանը, որն այս տարի ուղեկցվել է հայկական գինու, մշակույթի, խոհանոցի և զբոսաշրջային գրավչության շնորհանդեսով: Հատկապես այդ շնորհանդեսից հետո ցուցահանդեսում հայկական տաղավարն ավելի մեծ ուշադրության է արժանացել եվրոպացի լրագրողների և տուրօպերտորների կողմից:

Մեր երկրի զբոսաշրջային ընկերությունները մասնագիտացված հանրությանը ներկայացնում են Հայաստանի և Արցախի պատմամշակութային ու քրիստոնեական ժառանգությունը, զբոսաշրջային փաթեթները, այցելուներին տրամադրում են գովազդային նյութեր, քարտեզներ:

«Մեր մասնակցությունն այս հեղինակավոր ցուցահանդեսին՝ նպատակ ունի խթանելու հայկական երկու պետություններ այցելող զբոսաշրջիկների թվի աճը, նպաստելու ներգնա զբոսաշրջային հոսքերին: Մենք կարևորում և աջակցում ենք նման ծրագրերի իրականացումը նաև Արցախի զբոսաշրջային հմայքը հավուր պատշաճի միջազգային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից, իսկ հաշվի առնելով Լոնդոնում հայկական թեմայի շնորհանդեսի հաջողությունը` առաջիկա տարիներին կարող ենք ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ակնկալել Հայաստանում և Արցախում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Նույն շարքից