Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակն ի թիվս այլ բազմաթիվ նախաձեռնություների, միջոցառումների կոչված է ընդգծելու Հայաստանի համար ՏՏ ոլորտի կարևորությունը, այն ակնկալիքները, որ Հայաստանն ունի այդ ոլորտի առաջընթացի և զարգացման համատեքստում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, միջազգային մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Վիգեն Սարգսյանը:
Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ այս ոլորտում կրթություն ստացած երիտասարդները հեշտությամբ և արագ գտնում են իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք և կարողանում են իրենց մասնագիտական աճը ապահովել՝ ներազդել ՀՀ տնտեսական զարգացման և առաջընթացի վրա:
«Մենք, իրոք, մեծ ուրախությամբ ենք արձանագրում՝ բազաթիվ քայլերը, որոնք ձեռնարկվում են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը խթնալու համար, տալիս են արդյունք: Տեսնում ենք կայուն աճ այս ոլորտում, մասնագիտական մեծ հետաքրքրություն այս ոլորտի նկատմամբ երիտասարդության շրջանում, այս ոլորտում կրթություն ստացած երիտասարդները հեշտությամբ գտնում են իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք, կարողանում են իրենց մասնագիտական աճն ապահովել, ներազդել Հայաստանի տնտեսական զարգացման և առաջընթացի վրա»,- ասաց նա:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2015 թվականի մրցանակը շնորհվելու է «Կասպերսկի լաբորատորիա»-ի գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկուն:
Վ. Սարգսյանի խոսքով, կարևոր է, որ գալիս ու համոզվում են, որ Հայաստանը ՏՏ ոլորտում լավ ներուժ ունի, տեսնում են այդ ոլորտի կողքին կանգնելու պետության պատրաստակամությունը, ոլորտում արձանագրած իրական հաջողություները, նվաճումները: