Քաղաքական Միջազգային Մամուլի տեսություն 

Լիբիայի դահիճը՝ Ռուսաստանի լավագույն բարեկա՞մ. «Անալիտիկ» շաբաթաթերթ

«Ասեք ով է ձեր ընկերը, եւ ես կասեմ՝ ով եք դուք»: Եվ ո՞վ է Ռուսաստանի հերթական «ընկերը»: Ու՞մ է ներկայումս մեծարում Ռուսաստանը:

Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի ռուսաստանյան շրջագայությունը լայն արձագանք գտավ մամուլում ու հեռուստատեսությունում: Ռուսական լրատվամիջոցները լծվեցին նախկին նախագահի գովաբանության գործընթացին, առանձնակի հիացմունքով լուսաբանեցին Պուտինի հետ նրա բարեկամական-մտերմիկ առանձնազրույցները, Մոսկվայի համալսարանում նրան շնորհվեց պատվավոր դոկտորի կոչում:

Միանգամայն հասկանալի է, որ շատ դեպքերում քաղաքականությունում միջոցների առջեւ խտրություն չեն դնում: Օլանդի վարչակարգը Ռուսաստանի դեմ կիրառում է տնտեսական պատժամիջոցներ, հրաժարվում ուղղաթիռակիր ռազմանավերի գործարքից, իսկ «հոգյակ» Սարկոզին, հակառակը՝ բացեիբաց իր բարեկամությունն ու սերն է շռայլում ռուսներին: Ուստի հարց է առաջանում՝ ինչու՞ Սարկոզիին չօժանդակել Օլանդի դեմ պայքարում:

Թերեւս, Ռուսաստանը բախտավոր է, որ նման հավատարիմ բարեկամ ունի: Սակայն, արդյո՞ք իրականում դա այդպես է, թե՞ ուղղակի ռուսաստանյան իշխանությունները հիշողության խնդիր ունեն:

Հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանում, Պուտինը հստակ հարցադրում կատարեց. «Դուք ինքներդ հասկանում ե՞ք, թե ձեր անհեռատես քաղաքականությունն ինչի է հանգեցրել»:

Իսկ ու՞մ էր ուղղված հարցը: Իհարկե, Նոբելյան մրցանակակիր Օբամային կամ գուցե Ֆրանսուա Օլանդի՞ն: Անժխտելի իրողություն է, որ անկախ Լիբիայի ոչնչացման հիմնական կողմնակիցներից մեկը Ֆրանսիան էր: Օլանդն այն ժամանակ ֆրանսիական քաղաքականության պատասխանատուն չէր:

Բնականաբար Պուտինի հարցն ուղղված էր Արեւմուտքի ողջ կառավարող վերնախավին, այդ թվում նաեւ այն ժամանակի քաղաքական էլիտայի ներկայացուցիչներին: Իսկ ո՞վ էր այն ժամանակ Ռուսաստանի ներկայիս «ընկեր» Սարկոզին:

Չփորձենք զբաղվել երեսպաշտությամբ ու խոստովանենք, որ ներկայիս «ընկերն» այն օրերին անկախ Լիբիայի ամենամոլագար դահիճներից էր: Աղմկահարույց սկանդալների սիրահար ու Ֆրանսիայի տնտեսությունը քայքայման եզրին հասցրած, սոցիալական քաղաքականությունում ձախողված ու հասարակության ստորին շերտերի ատելությունը վայելող Սարկոզին ջերմ ընդունելություն է գտնում Մոսկվայում:

Ֆրանսիացիների դժգոհությունը ԵՄ քաղաքականությունից ու մերձավոր արեւելյան իրադարձությունների հետեւանքով միգրանտների աննախադեպ հոսքը Ֆրանսիա որոշակի նախապայմաններ են ստեղծել ու հնարավորություններ ընձեռել Սարկոզիին՝ քաղաքական թատերաբեմ վերադառնալու համար:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից