Այսօր՝ նոյեմբերի 4-ին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2016թ. բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 30 հազար շահառուի ավելացում:
Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք թոշակների ու աշխատավարձերի ավելացում չնախատեսող բյուջեի նախագիծը չի խորացնի աղքատությունը, Արտեմ Ասատրյանը չցանկացավ գնահատական տալ:
«Ես չեմ ուզում գնահատական տալ: Ընդհանրապես, աղքատությունը բազմագործոն երևույթ է, և բնականաբար, աղքատության վրա ազդեցություն չի կարող չլինել: Բնական է, որ կյանքը դժվարանալու է»,- ասաց նա:
Այն հարցին, թե որո՞նք են այն ակնառու սոցիալական բարեփոխումները, որոնք մատնանշում էին ՀՀԿ-ական պատգամավորները, Արտեմ Սարգսյանը ասաց. «Համաձայն եմ, որ իշխանություններն ակնառու սոցիալական բարեփոխումներ են իրականացրել: Ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումը, որը նշանակում է, որ մենք ձևավորում ենք սոցիալական ծառայությունների մեկ միասնական ընդունարանի կամ մեկ պատուհանի սկզբունք, որտեղ քաղաքացիներն իրենց բոլոր սոցիալական խնդիրներով դիմում են և ստանում համալիր սոցիալական ծառայություններ»,- ասաց նա՝ ավելացնելով որ դրանք իրականում տեխնիկական կամ վարչարարությունը նվազեցնող բարեփոխում էին: