Ադրբեջանում հայտնի աստվածաբան, ոչ վաղ անցյալում քաղբանտարկյալ և «Մուսուլմանական միասնություն» հասարակական կազմակերպության առաջնորդ Թալե Բագիրզադեն նոյեմբերի 3-ին դաժան ծեծի է ենթարկվել Բաքվի շրջանային ոստիկանությունում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-երը:
Ֆեյսբուքյան իր էջում Բագիրզադեն գրել է, որ ոստիկանություն է կանչվել անմիջապես իր գրասենյակից:
Շրջանային ոստիկանության պետ Իսֆենդիրյար Մեհբալըևը կոպիտ ձևով աստվածաբանից բացատրություն է պահանջել այն մասին, թե ինչու է Բագիրզադեն մարդկանց հավաքում և երթ կազմակերպում: Վերջինս պատասխանել է, որ ոչինչ չի կազմակերպում:
Բագիրզադեն խնդրել է իրեն բաց թողնել նամազ (աղոթք) անելու համար: Սակայն Մեհբալըևն արգելել է գնալ, ուստի Բագիրզադեն սկսել է աղոթել հենց ոստիկանության շենքում: Դա զայրացրել է ոստիկաններին, ովքեր սկսել են ծեծել աստվածաբանին՝ լրջորեն վիրավորելով դեմքի և ծնոտի հատվածում:
Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունում չեն մեկնաբանել Բագիրզադեի այս հայտարարությունը: