Գյուղատնտեսություն Հասարակություն Տնտեսություն 

Սևանա լճում որոշ ժամանակով արգելվել է իշխան և սիգ ձկնատեսակների որսը

analitik.am

Սեւանա լճում որոշ ժամանակով արգելվել է իշխան եւ սիգ ձկնատեսակների որսը։ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է» կետով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  օգոստոսի 8-ի  N 1237-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ»  ենթակետը եւ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N2459-161 գրությունը, սույն թվականի նոյեմբերի 4-ին  ստորագրել  է  «Սեւանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» թիվ 320-Ա հրամանը:

Հրամանում մասնավորապես ասվում է.

«1.Իշխան եւ սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը եւ 2016 թվականի հունվարի 6-ից մինչեւ հունվարի 20-ը ժամանակավորապես դադարեցնել Սեւանա լճում եւ այնտեղ թափվող գետերում  ձկան եւ խեցգետնի որսը:

2.Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Գնդոյանին`

1) մինչեւ ս/թ նոյեմբերի 18-ն ապահովել Սեւանա լճից ձկնորսության եւ խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների,  լողամիջոցների ինչպես նաեւ ժամանակավոր կացարանների դուրս բերումը,

2) շրջիկ հսկողություն իրականացնել Սեւանա լճի առափնյա տարածքներում եւ գետաբերաններում,

3) կազմակերպել ստուգայցեր Սեւանա լճի վրա` համագործակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքների ղեկավարների հետ:

3.Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Հ.Գալստյանին.

1) ապահովել մասնակցությունը սույն հրամանի 2-րդ կետում նախատեսված աշխատանքներին,

2) կազմակերպել ստուգայցեր Սեւանա լիճը գոտեւորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում, Սեւանա լիճ թափվող գետերի վրա»:

Նույն շարքից