Քաղաքական Հասարակություն Գիտություն 

ՀՀ-ն կնպաստի Բենինում հայոց լեզվի, մշակույթի, պատմության ուսումնասիրմանը

Այսօր՝ նոյեմբերի 5-ին,  կառավարության նիստում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց մի համաձայնագիր, որը պետք է կնքվի ՀՀ կառավարության և Բենինի Հանրապետության կառավարության միջև՝ կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին:

Ըստ համաձանագրի՝ կողմերը խրախուսում են գիտնականների, դասախոսների և ուսուցիչների փոխայցելություններ և վերապատրաստման դասընթացներ կրթության և գիտության բնագավառներում իրենց գիտական և ուսումնական հաստատությունների փորձն ու նվաճումները միմյանց փոխանցելու նպատակով: Ինչպես նաև յուրաքանչյուր կողմ մյուս կողմին տարեկան կտրամադրի բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար 4 կրթաթոշակ` ուսումնառության լրիվ ժամկետով:

Ընդունող կողմը կրթական ծրագրին մասնակցող անձանց կապահովի կրթաթոշակով, անվճար կրթությամբ, կրթական ծրագրով` համաձայն ազգային օրենսդրությամբ, ուսանողական հանրակացարանով` յուրաքանչյուր երկրում գործող ազգային օրենսդրությանը համապատասխան, անվճար բժշկական ծառայություններով:

Կողմերը պայմանավորվում են, որ իրենց մասնակցությամբ գործող միջազգային կազմակերպություններում միմյանց կաջակցեն կրթությանն ու գիտությանն առնչվող հարցերում:

Հայաստանը կնպաստի Բենինում հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի ուսումնասիրմանը հանրակրթական հաստատություններում, կաջակցի մասնագետների, ուսումնամեթոդական ձեռնարկների և դասագրքերի տրամադրմանը:

Նույն շարքից