ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի հոկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմից հրադադարի խախտումը Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գիծը հատելու պահին, հայտնել է, որ միջադեպը տեղի ունեցավ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ եռանախագահների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական կոչերից օրեր անց:
Նախարարի խոսքերով՝ ադրբեջանական սադրանքներն ուղղված են խոչընդոտելու բանակցային գործընթացը, կասկածի տակ դնելու միջնորդական ջանքերի նպատակահարմարությունը:
«Բաքուն ամեն անգամ սրում է իրավիճակը Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի ժամանակ: Հատկանշական է, որ տարածաշրջանային այցի արդյունքներով իրենց կատարած հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահները այդ միջադեպը նույնպես կարգավորմանն ուղղված ջանքերը խաթարելու փորձ են որակել: Պատահական չէ նաև, որ սադրանքի հաջորդ օրն իսկ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել նոր սպառնալիքներով և միջնորդներին ուղղված քննադատությամբ: Բաքուն մշտապես մերժում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելու եռանախագահների առաջարկը, ուստի դրանց հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ակնհայտորեն ընկնում է Ադրբեջանի վրա»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: