ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, այսօր՝ նոյեմբերի 6-ին, «Ֆեյքերի» վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ թեժ վիճաբանություն է տեղի ունեցել օրինագծի հեղինակներից ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եւ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի միջեւ:
Մարուքյանն իր խոսքում նշել է, որ սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի՝ «ֆեյքերի», միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածումը խախտում է մի շարք անձանց անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, եւ փաթեթը խնդիր ունի լուծել այդ հարցը, քանի որ որոշ լրատվամիջոցներ տարածում են կեղծ օգտատերերի զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկատվությունը:
Առաջարկվող փոփոխություններով պատասխանատվություն է սահմանվում այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք տարածում են կեղծ օգտատերերի հրապարակումները, սակայն լրատվամիջոցը կարող է ազատվել պատասխանատվությունից, եթե ներկայացնի դրա հեղինակին նույնականացնող տվյալներ:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատել է, որ ապաքրեականացնելով զրպարտանքն ու վիրավորանքը, ստացվել է մի վիճակ, երբ դրանք կամայական կերպով վերաորակում են որպես սուտ մատնություն, ու դրանով նորից «քրեականացնում» դրանք:
Հանձնաժողովը որոշել է նախագիծն ընդգրկել ԱԺ օրակարգում, որին դեմ է քվեարկել միայն ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ մտահոգություն հայտնելով, որ դա կարող է մահակ դառնալ լրատվամիջոցների գլխին:
Նրան դուր չի եկել, երբ Մարուքյանը հիշեցրել է, որ ժամանակին ԲՀԿ-ն, որի անդամ է եղել նաեւ Ուրիխանյանը, կողմ է եղել օրենսգրքի փոփոխություներին:
Նրանց միջեւ թեժ վիճաբանություն է սկսվել եւ Ուրիխանյանը նույնիսկ Մարուքյանին առաջարկել է հաշիվները դրսում պարզել:
Նշենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին այս նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Թեւան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ Հեղինե Բիշարյանը: