Այսօր՝ նոյեմբերի 6-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովի մեկնարկը, որը նախաձեռնել էին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան և Հայկական hակածերացման բժշկական ասոցիացիայի գործադիր կոմիտեները:
Հայաստանում նման մասշտաբով գիտաժողով առաջին անգամ է անցկավում: Գիտաժողովի շրջանակներում կարևորվեց հայ և արտերկրյա բժիշկների փորձի փոխանակումը, ինչը ըստ հայ մասնագետների, նպաստում է մարդկանց կյանքի որակի բարելավմանը:
Համաժողովին մասնակցում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ արտերկրից ժամանած մասնագետներ մասնավորապես՝ Ռուսաստանի երիտասարդ բժիշկների համագործակցության նախագահ և փոխնախագահ Իլյա Իլյինցեւը և Դմիտրի Բուլետովը:
«Ժեներալ» հակածերացման կլինիկայի (Շվեյցարիա) ղեկավար Ժեներա Սահակյանի խոսքով՝ կյանքի որակն ապահովող ուղղություններից մեկը հակածերացման բժշկությունն է: Դա նոր մասնագիտություն է, որը ծնունդ է առել ԱՄՆ –ում 1993 թ. եւ որի նպատակն է կյանքի կոչել մարդկության վաղեմի երազանքը՝ ապրել երկար ու երիտասարդ մնալ:
Հայաստանի հակատարիքային բժշկության ասոցիացիայի նախագահ Ինա Պերսոյանը ողջունելով հյուրերին, ասաց որ հիացած է հայ երիտասարդ բժիշկներով, ովքեր բավականին ակտիվ են, ինչը նաև դրսևորվել է այս գիտաժողովի կազմակերպմամբ:
«Մենք՝ ավագ սերնդի բժիշկներս, մեծ սիրով կհամագործակցենք երիտասարդ բժիշկների հետ և նրանց կփոխանցենք մեր գիտելիքներն ու փորձը»,- ասաց Ինա Պերսոյանը:
Ռուսաստանի երիտասարդ բժիշկների համագործակցության նախագահ Իլյա Իլյինցևը ասաց, որ իրենց պատվիրակությունն առաջին հերթին Հայաստան է ժամանել երկու երկրների Երիտասարդ բժիշկների միջև փոխհամագործակցության համաձայնագիր կնքելու նպատակով:
«Մենք կարևորում ենք հայ բժիշկների մասնագիտական ձեռքբերումները»,- ասաց նա և նշեց, որ հայկական բժշկությունը միշտ ապահովում է բարձր որակ: Իլյինցեւը նաև հույս հայտնեց, որ այսօրվա փորձի փոխանակման ծրագիրը շարունակական կլինի:
«Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնի ուրոլոգ , Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ՝ Գևորգ Գրիգորյանը գիտաժողովի ժամանակ իր ելույթում նշեց, որ բժիշկները հանդիսանում են ամենաբարդ հիվանդները:
«Բոլոր այն խորհուրդներին, որոնք նրանք տալիս են իրենց մոտ բուժվող հիվանդներին, իրենք չենք կարողանում հետևել դրանց»,- ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով՝ մասնավորապես, հենց բժիշկներ են զբաղվում ինքնաբուժությամբ, ծխում են, չեն հետևում իրենց քաշին:
«Միջազգային հարցման ցուցանիշներով՝ եվրոպական երկրներում բժիշկների որոշ զանգվածի մոտ առկա են ինքնասպանության մտքեր, նրանց մի մասը ինքնասպանության փորձ է կատարել, իսկ հարցվածների մի մասն էլ ասել են, որ եթե ունենային մասնագիտության ընտրության երկրորդ հնարավորություն՝ կհրաժարվեին բժշկի մասնագիտությունից»,- ասաց Գրիգորյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ բժիշկները Հայաստանում կարող են ամեն պահ քրեական պատասխանավության ենթարկվել, եթե նրանց գործունեության արդյունքում մարդու կյանքին վտանգ սպառնա: Սակայն, որքան կարող է բժիշկը նպաստել մարդկային կյանքի վատթարացմանը Գևորգ Գրիգորյանի համար անհասկանալի է: Նա նաև նշեց, որ եթե փաստաթղթով կան ամրագրված բժշկի շահերը պաշտպանող օրենքներ, ապա դրանք չեն կիրառվում և այդպես էլ մնում են թղթի վրա:
Գևորգ Գրիգորյանի ռուս գործընկերը՝ Իլյա Իլյինցևն էլ ասաց, որ եթե Հայաստանում այդ իրավաբանական նորմերն ամրագրված են որպես փաստաթուղթ, ապա Ռուսաստանում դրանք պարզապես բացակայում են:
Նշենք, որ գիտաժողովի ընթացքում երիտասարդ բժիշկները կներկայացնեն մրցութային հիմունքներով զեկույցներ:
Հիշեցնենք, որ «Առողջությունով պայմանավորված կյանքի որակը. միջմասնագիտական մոտեցում » միջազգային միջմասնագիտական գիտաժողովը անցնում է 2015 թ. նոյեմբերի 6-7-ը «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի սրահներում:
Գլխավոր հովանավորներ` Takeda, Astellas
Հովանավորներ` Prom-Test, Rocordati, Unipharm, Bayer Health care
Տեղեկատվական հովանավորներ` Analitik.am, Med-Practic, News.amMedicine, Առողջություն ամսագիր, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն Հայաստանում, Hayacq.am
Գործընկեր` Platinium.ink



























