Հայաստան Քաղաքական 

Էդմոն Մարուքյանի առաջարկած նախագծին կողմ քվեարկեց միայն ինքը

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ազգային ժողովում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից հեղինակած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծով Էդմոն Մարուքյանը առաջարկվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարությունը կամ կոչը պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հանձնաժողովի բոլոր անդամները քննադատեցին նախագիծը, ասելով որ այն սահմանափակում է ազատ խոսքի արտահայտման իրավունքը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ևս կիսեց նույն մտահոգությունը. «Այ Էդմոն ջան, դու նենց զենք ես տալիս աղվանական արդարադատության ձեռքը, որ թուրը քաշած սաղին մորթելու է»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանն էլ պնդել, որ տարբեր անհատներ ու կազմակերպություններ քարոզարշավ են իրականացնում՝ ուղղված պետականության դեմ:

«Տարածքային ամբողջականությունն այն արժեքն է, որի պահպանման համար միջազգային բոլոր նորմերով թույլատրվում է խոսքի ազատության որոշակի սահմանափակումներ»,-ասաց պատգամավորը:

Նախագծին միայն կողմ քվեարկեց Էդմոն Մարուքյանը:

Նույն շարքից