ԵՄ անդամ երկրների օդանավակայաններում անվտանգության խիստ միջոցներ են ապահովված հնարավոր ահաբեկչությունների կանխարգելման համար: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ վստահեցրել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Յակուբ Ադամովիչը:
«ԵՄ-ում ավիացիոն անվտանգության շատ խիստ կանոններ են գործում, նաև օդանավակայաններում»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում:
Ադամովիչի խոսքով՝ եվրահանձնաժողովը կապի մեջ է Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի աղետի հետաքննության կողմերի հետ, և (դրա կործանման) ոչ մի վարկած ներկայումս չի կարելի բացառել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում վթարի է ենթարկվել ռուսական ավիաուղիներին պատկանող А321 ինքնաթիռը, որտեղ գտնվում էր 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Նրանք բոլորը զոհվել են:
Բրիտանական իշխանությունները կարծում են, որ կա «լուրջ հավանականություն», որ ինքնաթիռի կործանման պատճառը ռումբի պայթյունն է եղել: