Վերջին 4 տարիների ընթացքում Սիրիայից Հայաստան է ժամանել 20.000 մարդ, սակայն մնացել են նրանցից 16 հազարը: Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Սիրիայում հակամարտության սրման հետևանքով սիրիահայերը հաստատվել են Գերմանիայում, Շվեդիայում, Կանադայում: Լիբանանում մոտավորապես 12 հազար սիրիահայ է հաստատվել, 5-6 հազար սիրիահայ ընտանիք էլ ապրում է Հորդանանում: Մի քանի ընտանիք այս պահին Թուրքիայում են, բայց աշխարհում փախստական ընդունելու թվով մենք չորրորդն ենք և բավականին առաջ ենք բոլոր համեմատականներով»,- հայտնեց Հ. Հակոբյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանից հեռացած սիրահայերին, Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հակամարտության սկզբնական շրջանում շատ սիրիահայեր հավատացած էին, որ հետ են վերադառնալու: Նրա խոսքով, կան նաև մշակութային մոտեցումների տարբերություններ և այդ ամենին հարմարվելու համար տևական ժամանակ է պետք: