Մշակույթ Բարի օր 

Ընթերցանության ժամ. Գիյոմ Ապոլլիներ

Բանաստեղծություններ

Զ Ո Ն Ա

(հատվածներ)

Ի վերջո դու հոգնել ես1) այս հին աշխարհից
Օ հովվուհի Էյֆել2) կամուրջների հոտը մայում է այս առավոտ
Դու զզվել ես ապրելուց հունա-հռոմեական հնադարում
Այստեղ անգամ ինքնաշարժերն են հինավուրց թվում
Միայն կրոնն է մնացել նոր կրոնն է միայն մնացել անպաճույճ ինչպես անգարները Պոր Ավիասյոնի
Օ քրիստոնեություն Եվրոպայում միայն դու հին չես
Ամենաարդիական եվրոպացին դու ես Պապ Պիոս X
Իսկ քեզ ում հետևում են լուսամուտները ամոթը չի թողնում
որ Եկեղեցի մտնես ու խոստովանես այս առավոտ
Դու կարդում ես գովազդները կատալոգները ազդագրերը որ երգում են զիլ
դա պոեզիան է այս առավոտվա իսկ արձակը թերթերն են
25 սանտիմով կարող ես գնել ոստիկանական պատմություններ
Մեծ մարդկանց դիմանկարներ և շատ այլ բաներ
Այս առավոտ ես3) մի գեղեցիկ փողոց տեսա որի անունը մոռացել եմ
Մաքուր ու նոր այն շեփոր էր
Տնօրենները բանվորները մեքենագրուհիները սիրունիկ
երկուշաբթի առավոտվանից մինչև շաբաթ երեկո չորս անգամ անցնում են այնտեղով
առավոտյան չորս անգամ այնտեղ շչակն է զռռում
Մի կատաղի զանգ հաչում է այնտեղ կեսօրին մոտ
Գրությունները ցուցանակներն ու պատերը
Ազդագրերը ծանուցումները ճղճղում են թութակների պես
Ես սիրում եմ գրավչությունն արդյունաբերական այդ փողոցի
որ Փարիզում է Aumont-Thieville փողոցի ու des Ternes պողոտայի միջև
Ահա մանկությանդ փողոցը դու երեխա ես
Մայրդ քեզ հագցնում է կապույտ -կարմիր շորեր4)
աստվածավախ ես շատ ու քո ամենահին ընկերոջ Ռընե Դալիզի հետ5)
ամենից շատ սիրում էիք Եկեղեցու արարողակարգ
Ժամը ինն է գազի լապտերը վառվում է թույլ ամբողջովին կապույտ թաքուն դուրս եք գալիս ննջարանից
Ողջ գիշեր աղոթում եք կոլեժի խորանում…

………………………………………………………………………………………..
Դու Կոբլենցում ես Geant հյուրանոցում
Ահա Հռոմում ես նստած ճապոնական զկեռենու տակ
Ահա Ամստրդամում ես մի ջահել աղջկա հետ որին գեղեցիկ ես համարում բայց նա տգեղ է
և պիտի ամուսնանա լեյդենցի մի ուսանողի հետ
Այնտեղ սենյակներ են վարձում լատիներեն Cubicula locanda
Հիշում եմ երեք օր անցկացրի այնտեղ նույնքան էլ Գուդայում
Դու դատաքննիչի մոտ ես Փարիզում
որպես հանցագործի քեզ ձերբակալում են6)
Դու և տխուր և անհոգ ճանապարհներ անցար
Մինչ սուտն ու տարիքիդ բեռը կծանրանային
Տառապեցիր սիրուց քսան տարեկանում հետո երեսուն
Ապրեցի խենթի պես ժամանակս կորցրի
Ու հիմա ձեռքերիս նայել չեմ համարձակվում ու ամեն վայրկյան
կուզենայի հեկեկալ
Եվ խմում ես օղին դու կյանքիդ նման այրող
կյանքդ որ խմում ես որպես օղի
Գնում ես Auteuil7) ուզում ես տուն գնալ ոտքով
քնել Օվկիանիայի ու Գվինեայի հմայիլներիդ միջև8)
Դրանք քրիստոսներ են մի այլ ձևի մի այլ հավատքի9)
Փոքր քրիստոսներ աղոտ հույսերի
Մնաս բարով մնաս բարով
Գլխատված Արև:10)

Ա Ն Ն Ի

Թեքսասի ափերին
Մոբիլի ու Գալվեստոնի միջև
Մի պարտեզ կա վարդերով լի
ու նաև մի ամառանոց
նման վարդի.
Հաճախ մի կին մեն-մենակ զբոսնում է
այդ պարտեզում
Երբ անցնում եմ լորիներով եզերված ճանապարհով
Մենք իրար ենք նայում:
Քանզի կինը մենոնիտ է*
Իր վարդերը չունեն կոկոն ոչ էլ զգեստը կոճակներ
Բաճկոնիս էլ երկու կոճակ են պակասում
Կինը ու ես գրեթե
նույն ծիսակարգին ենք հետևում:

Ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Նույն շարքից