Առողջապահություն Հասարակություն 

Հայաստանը մրցունակ երկիր է բժշկական օգնության առումով. Գևորգ Գրիգորյան

Ինչպես արդեն հայտնել էինք,  Երևանում անցկացվում էր «Առողջությամբ  պայմանավորված կյանքի որակը. միջմասնագիտական մոտեցում» միջազգային միջմասնագիտական գիտաժողովը, որին հրավիրված էին և իրենց զեկույցներով հանդես եկան  հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից ու Շվեյցարիայից:

Վերջին տարիներին բնակչության կողմից ավելի հաճախ է կիրառվում կյանքի որակ հասկացությունը: Յուրաքանչյուր մարդու առողջությունը, հետևաբար նաև առողջապահության համակարգն ազդում է կյանքի որակի վրա, ինչի մասին էլ «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ . միջմասնագիտական մոտեցում» միջազգային գիտաժողովում քննարկումներ տեղի ունեցան:

«Էլիտ-Մեդ»  բժշկական կենտրոնի ուրոլոգ, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Վլադիմիրի Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կյանքի որակը մեծ խնդիր է հետսովետական երկրների համար, ինչն էլ խթան հանդիսացավ նմանատիպ գիտաժողով անցկացնելու համար:

«Ակնկալում ենք, որ տվյալ գիտաժողովը մարդկանց մտածելակերպում շատ բան կփոխի, կկարևորեն կյանքի որակը և առողջությունը բարձր կդասեն, մեկ ամբողջականություն կդարձնեն: Պետք է բժիշկները մի փոքր վերանայեն իրենց մտավոր համակարգը և դա վերաբերում է ամբողջ բժշկական հանրությանը: ՌԴ-ից և Շվեյցարիայից հրավիրված մեր գործընկերները նույնպես ակտիվ պրոպագանդա են իրականացնում`  կյանքի որակը կարևոր գնահատելով իրենց և մնացած երկրներում:

Միջազգային բժիշկների և  փորձի փոխանակումը անհամեմատ կարևոր են մեզ` երիտասարդ մասնագետներիս համար: Հյուրերը կայացած հայ  բժիշկներ են, ովքեր զեկույցներով են հանդես գալիս:  Մենք կարևորում ենք ավագ սերնդի խոսքը, որովհետև իրենք անհամեմատ երկար ճանապարհ են անցել և բոլորս էլ սովորելու շատ բան ունենք: Մենք տալիս ենք մեր գիտելիքը, նրանք գնահատում են մեր որակը, մենք տալիս ենք մեր փորձը, իրենք շտկում են մեր սխալները»:

Գևորգ  Գրիգորյանի խոսքով, Հայաստանն ունի այնպիսի բժիշկներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում արտասահմանյան մասնագետներին, և մեր երկիրը բավականին մրցունակ է բժշկական օգնության առումով:

Նույն շարքից