Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի և Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի գործադիր կոմիտեների համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական թեմայով» երկօրյա գիտաժողովը, որին մասնակցում են բժշկության տարբեր ոլորտների մասնագետներ՝ Հայաստանից ու արտասահմանից: Հաշվի առնելով երիտասարդ մասնագետների համար միջազգային փորձի ուսումնասիրության ու փորձի փոխանակման կարևորությունը՝ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» հրավերով «Առողջությամբ պայմանավորված կյանքի որակ. միջմասնագիտական մոտեցում» գիտաժողովին մասնակցելու և համագործակցության նպատակով Երևանում են այցելել ՌԴ «Երիտասարդ բժիշկների համագործակցության» գլխավոր տնօրեն Իլյա Իլյինցևն ու փոխտնօրեն Դմիտրի Բուլետովը: Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բլբուլյանը, ով գիտաժողովին հանդես եկավ իր զեկույցով, մեզ հետ զրույցում նշեց և կարևորեց գիտաժողովին երիտասարդների մասնակցությունը: «Ես շատ եմ արտասահմանյան երկրներում լինում, կոնգրեսներում մասնակցում և զեկուցույցներով հանդես գալիս. ցավով եմ նայում մեր հանրապետության այս վիճակին` հոգևոր, գիտական, ինչու չէ նաև երիտասարդների հետաքրքրությանը: Եվ ցավում եմ, որ քանի գնում, այնքան գիտության հանդեպ հակումը և հետաքրքրությունը նվազում է: Այս տեսանկյունից որոշեցի իմ կողմից նպաստել այդ գործին: Պետք չէ մտածել, որ մեր փոխարեն կանեն ուրիշները, յուրաքանչյուրս պետք է տեսնենք, թե մեր երկրում ինչ կարող ենք անել: Ես բավականին հիմնովին այդ հարցը դրել եմ մեր Բժշկական համալսարանի ուսանողների առջև: Իմ կարծիքով` այստեղ նոր մոտեցումներ և գաղափարներ են պետք, իսկ երիտասարդի արած գործը, անշուշտ, շատ գնահատելի և կարևոր է հետագայի համար»:
Արմեն Բլբուլյանի խոսքով, այս գիտաժողովը իմպուլսատիվ է, քանի որ նախ և առաջ երիտասադ բժիշկներն են իրականացնում, և որը տարբեր տենդենցներով համախմբված գիտաժողով է: Մասնագետի խորին համոզմամբ` գիտաժողովը մեծ հեռանկարներ ունի: Վերջում նա հույս հայտնեց, որ երիտասարդները ավելի ստեղծագործաբար կմոտենան իրենց ամենօրյա գործունեությանը:
Բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ-ի Ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի (Լազերային և էնդոսկոպիկ ուրոլոգիայի բաժանմունք) գիտապրակտիկ ղեկավար Երվանդ Սերգեյի Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում ուրախությամբ հայտնեց, որ գիտաժողովին երիտասարդ մասնագետներ են հավաքված, որոնց ծրագրերը հետագայում ավելի մեծ նշանակություն կունենան.
«Եթե մենք մտածում ենք կյանքի որակի մասին, ապա պետք է սկսենք մտածել այդ ուղղությամբ հենց հիմա, որովհետև այդ ամենը կարծես թվում է` այնքան հեռու ապագայում է, որի մասին պետք չէ մտածել: Երիտասարդ տարիքում է պետք պահպանել առողջությունը և ոչ թե հասուն տարիքում: Կարծում եմ` բժշկությունը որպես առանձին գիտություն չի կարող ընդհանուր առմամբ գոյություն ունենալ, որովհետև ինքը վիրտուալ կյանքում չէ: Մեր բժշկական հասարակարգը պետք է կտրված չլինի այն իրականությունից, որում այսօր աշխատում ենք: Առողջ մտածելակերպ չի կարող լինել հիվանդ մարմնում»: