Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

2017 թ-ից կենսաթոշակային կուտակային համակարգը դառնում է պարտադիր բոլորի համար

analitik.am

Այսօր Երևանում կազմակերպված «Կենսաթոշակային և սոցիալական ապահովության արդիականացված համակարգեր. լուծումներ և տեսլական» խորագրով միջազգային չորրորդ համաժողովում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը ներկայացրեց Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների անցած ուղին և կուտակային համակարգի ներդրման առաջին երկու տարիների ընթացքում ձեռքբերված արդյունքները:

Նա տեղեկացրեց, որ այն մարդիկ, ովքեր իրենց դիմումների համաձայն դուրս են եկել կուտակային համակարգից, իսկ նրանց թիվը հասնում է շուրջ 140 հազարի, համակարգի նկատմամբ ձեռք բերված վստահության շնորհիվ աստիճանաբար պետք է հետ վերադառնան դեպի պարտադիր կուտակային համակարգ:

«Վեց ամսվա ընթացքում կարողացանք ամբողջ համակարգը մաքրել: Որոշակի շտկումներ մտցվեցին նաև տեղեկատվական համակարգերում, ինչի արդյունքում հնարավոր եղավ օրական կտրվածքով գումարները սահուն կերպով հոսեն դեպի կենսաթոշակային հաշիվներ»,- նշեց նա:

«Մինչև 2017 թ-ի հուլիսը կենսաթոշակային կուտակային համակարգը դառնում է պարտադիր բոլորի համար: Թեև ամսական կտրվածքով համակարգին միանում են 3-4 հազար քաղաքացի, սակայն 1,5 տարվա համար դա բավարար չէ: Պետք է փորձենք ճիշտ իրազեկում իրականացնելով և համակարգը կայուն պահելով՝ ներգրավվել այլ մասնակիցների»,- ասաց Վ.Արամյանը:

Նա նաև հայտնեց, որ կենսաթոշակային խնդիրները եղել են և կլինեն պետության ուշադրության կենտրոնում՝ անկախ նրանից, որ սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումները որոշ քաղաքական ուժերի կամ հանրության կողմից բացասական են ընկալվում:

Նույն շարքից