Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այցի շրջանակում տեղի ունեցավ նաև երկու երկրների նախարարների համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ եղավ փոխգործակցության ու տարածաշրջանային մի շարք կարևոր հարցերի: Հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Սուդանում կործանված ինքնաթիռի զոհերի աճյունները Հայաստան տեղափոխելու հարցին՝ միաժամանակ իր երախտագիտությունը հայտնելով ՌԴ ԱԳ նախարարությանը՝ աջակցության համար.
«Մենք Հարավային Սուդանում դեսպան չունենք, սակայն ուղարկել ենք մեր աշխատակցին Կահիրեի հյուպատոսարանից: Կարծում եմ՝ մոտ օրերս կլուծվի աճյունները Հայաստան տեղափոխելու հարցը»,- ասաց Նալբանդյանը:
Նա նաև ընդգծեց, որ նմանատիպ հանդիպումները երկու երկրների նախարարների միջև կանոնավոր բնույթ են կրում և տեղի են ունենում թե՛ Մոսկվայում, թե՛ Երևանում: Նախարարի խոսքով՝ այդ բանակցությունները շատ կարևոր են Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները միշտ բարձր մակարդակում պահելու համար:
Շարունակելով Էդվարդ Նալբանդյանի խոսքը՝ Սերգեյ Լավրովը ողջունեց Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, ինչպես նաև մեր երկրի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը՝ ասելով, որ գոհ է միջխորհրդարանական ու միջտարածաշրջանային համագործակցությունից: Նախարարների խոսքին հաջորդեցին լրագրողների հարցերը: Դրանցից մեկը վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, մասնավորապես՝ ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Ուոլթերի՝ Ղարաբաղյան հակամարտության մասին զեկույցին ու դրա ընդունմանը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից: Լրագրողներին հետաքրքիր էր երկու նախարարների գնահատականներն այդ իրողությանը: Պատասխանելով հարցին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ նախ՝ Ադրբեջանը փորձում է ԼՂ հակամարտության հանգուցալուծման ուղիները տեղափոխել այլ ձևաչափեր.
«Միակ ձևաչափը, որի հետ Հայաստանի դիրքորոշումը լրիվ համընկնում է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրված մանդատն է, ովքեր զբաղվում են Ղարաբաղյան կոնֆլիկտի հանգուցալուծման խաղաղ կարգավորմամբ: Ոչ մի ուրիշ կազմակերպություն կամ կառույց չպետք է այլ քայլեր ձեռնարկի, որոնք կխանգարեն այս հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը: Ինչ վերաբերում է զեկույցին, ապա ես չեմ ուզում մեկնաբանել այն, քանի որ կարծում եմ՝ այն մեկնաբանության արժանի չէ: Ուոլթերը չէր կարող անաչառ դիրքորոշում ունենալ այդ հարցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ֆինանսավորվում է ադրբեջանական կազմակերպությունների կողմից»,- նկատեց նա:
Անդրադառնալով նույն հարցին՝ Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ համանախագահող երկրները հստակ դիքորոշում ունեն այդ հարցի շուրջ և աշխատում են Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ուղղությամբ.
«Յուրաքանչյուր կտրուկ արմատական գործողություն ցանկացած կողմից միայն կարող է խոչընդոտել խնդրի լուծմանը»,- ավելացրեց Լավրովը: Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև սիրիական հակամարտության խնդրին: ՌԴ ԱԳ նախարարը շեշտեց, որ նախ՝ պետք է հստակեցնել ահաբեկիչների ցանկը, որպեսզի մեկը մյուսին չմեղադրի հարձակման մեջ ու անհիմն հայտարարություններ չանի, այնուհետև կարևորեց քաղաքական ընդդիմադիրների ցանկը ճշտելը, որոնք ժնևյան կոնվենցիայի և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի հիման վրա կկարողանան աշխատանքներ տանել տարբեր պետությունների հետ հակամարտությունների կարգավորման համար. «Ռուսաստանն իր կարծիքն ու ցուցակն ունի այդ մասով»,- ընդգծեց նա:




